2020 թվականի 44-օրյա պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակը ոգեշնչման աղբյուր է դարձել ամբողջ թյուրքական աշխարհի համար։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին ուղղած շնորհավորական ուղերձի տեքստում, որը նա հղել է պատերազմում տարած հաղթանակի օրվա առիթով։
«Ձեր Գերագույն հրամանատարության ներքո ձեռք բերված այս հաղթանակը հպարտության եւ ոգեշնչման աղբյուր դարձավ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ ամբողջ թյուրքական աշխարհի համար։ Ուրախացանք նաեւ, որ այս տարի այս հնագույն հողերում, որոնց նկատմամբ դուք լիարժեք վերահսկողություն ապահովեցիք անցյալ տարի Ղարաբաղում իրականացված հաջող հակաահաբեկչական գործողության շնորհիվ, 30 տարվա մեջ առաջին անգամ անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ»,- ասվում է Թուրքիայի նախագահի շնորհավորական ուղերձում։
Հաջորդիվ Էրդողանը ուղերձում Բաքվի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքների վերակառուցման աշխատանքներին միանալու իր պատրաստակամությունն է կրկին հայտնել։ Ըստ Թուրքիայի նախագահի՝ նման ցանկությունը բխում է այն ուժից, որը Բաքուն եւ Անկարան քաղում են «բարեկամության եւ եղբայրության անխզելի կապերից՝ մարմնավորված «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով եւ պսակված Շուշիի հռչակագրով»:
«Ես անկեղծորեն հավատում եմ, որ մենք կշարունակենք մեր սերտ համագործակցությունը, համերաշխությունը եւ համակարգումը ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ միջազգային հարթակներում՝ մեր տարածաշրջանում հարատեւ խաղաղություն, բարգավաճում եւ կայունություն ապահովելու համար»,- ասվում է ուղերձի տեքստում։