Ֆրանսիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոֆ Լեմուանը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի մասնակցությունը ռուսական տարածքում ընթացող ռազմական գործողություններին անպատասխան չի մնա, հայտնում է Reuters-ը։
«Մենք պատրաստ ենք խստորեն արձագանքելու՝ համաձայնեցնելով մեր գործընկերների հետ»,- լրագրողներին ասել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակը՝ պատասխանելով Փհենյանի նկատմամբ Փարիզի պատժամիջոցների հավանականության մասին հարցին:
Ֆրանսիան դիվանագիտական հարաբերություններ չունի Հյուսիսային Կորեայի հետ։ ԿԺԴՀ-ի գլխավոր ներկայացուցիչը Փարիզում հավատարմագրված է միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահն ու պաշտպանության նախարարը, այնուհետեւ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հաստատել էին Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի եւ հյուսիսկորեական ուժերի միջեւ առաջին ռազմական բախումների մասին տեղեկությունը։
Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտնել էր, որ արդեն ավելի քան 10 հազար հյուսիսկորեացի զինվոր է ժամանել Ռուսաստան։ Նրանց «զգալի մասը» առաջնագծում է, այդ թվում՝ Կուրսկի շրջանում։
Պենտագոնն էլ նշեց, որ Կուրսկի շրջանում առնվազն 10 հազար հյուսիսկորեացի զինվոր կա, որոնք ենթադրաբար մասնակցում են ռազմական գործողություններին կամ աջակցում են ռուսական զորքերին: