Իսրայելը մտադիր չէ լուրջ քայլեր ձեռնարկելու Գազայի հատվածում եւ Լիբանանում հակամարտությունները լուծելու համար մինչեւ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։
Ըստ նրանց՝ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք «ամիսներ շարունակ ճանապարհորդում էին Մերձավոր Արեւելքում՝ խաղաղության բանակցություններ վարելու համար», մինչեւ 2025 թվականի հունվար հավանաբար կառերեսվեն իսրայելցի գործընկերների՝ «լուրջ քայլեր կատարելու» դժկամությանը։ Ընտրություններում Թրամփի հաղթանակը ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենին կարող է Իսրայելի եւ հակամարտող մյուս կողմերի նկատմամբ թողնել առանց ազդեցության լծակների։
Նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ հաղթանակի դեպքում կկարողանա կանգնեցնել Մերձավոր Արեւելքում տիրող քաոսը։ Քաղաքական գործիչը նաեւ նշել է, որ տարածաշրջանում նման էսկալացիա չէր լինի, եթե ինքը գլխավորեր ամերիկյան վարչակազմը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-28-ը Կատարում կայացել էր Գազայի հատվածում հրադադարի հաստատման եւ պատանդառված իսրայլեցիների վերադարձի վերաբերյալ խորհրդակցությունների հերթական փուլը՝ իսրայելական հետախուզական «Մոսադ» ծառայության ղեկավար Դեյվիդ Բառնեայի եւ ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բեռնսի մասնակցությամբ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ բանակցություններում քննարկվել է նոր պլան, որը միավորում է նախկին առաջարկները եւ հաշվի է առնում տարածաշրջանում առկա իրավիճակը։ Ըստ Axios հարթակի՝ Բեռնսը առաջարկել է Գազայի հատվածում հրադադարի նոր ձեւաչափ, որով նախատեսվում է 28-օրյա զինադադար եւ 50 տարեկանից բարձր կին կամ տղամարդ պատանդների փոխանակում տասնյակ պաղեստինցի բանտարկյալների հետ։
Իրավիճակը Մերձավոր Արեւելքում կտրուկ սրվել էր նախորդ տարվա հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մարտիկների ներթափանցումից հետո, որն ուղեկցվել էր սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանություններով եւ պատանդառությամբ։ Ի պատասխան՝ Իսրայելը ռազմական գործողություններ սկսեց Գազայում՝ նպատակ ունենալով ոչնչացնելու ՀԱՄԱՍ-ի ռազմական ու քաղաքական հնարավորությունները եւ ազատ արձակելու բոլոր պատանդառվածներին։