ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է Ֆլորիդայից հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոյին առաջադրելու պետքարտուղարի պաշտոնում, հայտնում են The New York Times-ը, The Wall Street Journal-ը եւ Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Թրամփը առաջիկայում կարող է փոխել իր կարծիքը, քանի որ շարունակում է ուսումնասիրել մյուս թեկնածուներին, «սակայն, մեծ հավանականությամբ, նա կընտրի Ռուբիոյին, որին նա դիտարկել էր փոխնախագահի իր թեկնածուին ընտրելիս»,- գրում է NYT-ը:
2010 թվականից Սենատում ընտրված Ռուբիոն հայտնի է Չինաստանի, Իրանի, Վենեսուելայի եւ Կուբայի նկատմամբ ունեցած կոշտ դիրքորոշումներով: Բացի այդ՝ նա հանդես է գալիս Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու օգտին՝ Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելու համար: Ռուբիոն բազմիցս է հայտարարել, որ ԱՄՆ-ն է ֆինանսավորում պատերազմը, որը մտել է փակուղի, եւ որ Ուկրաինայի վերականգնման համար կպահանջվի 100 տարի։
Նույն պարբերականների տեղեկություններով՝ Դոնալդ Թրամփը նաեւ մտադիր է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, հանրապետական Մայք Ուոլցին էլ առաջարկելու ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը։
Ուոլցը Թրամփի հայտնի կողմնակիցներից է, որն ընտրված նախագահին աջակցում է անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերում եւ կոշտ դիրքորոշում ունի Չինաստանի եւ Ուկրաինայի նկատմամբ։ Քարոզարշավի ընթացքում Ոոլցը հայտարարել է, որ «ավարտվել է ժամանակաշրջանը, երբ Ուկրաինան Կոնգրեսից ստանում էր չհստակեցված գումարային չեկեր»։ Նա նաեւ կոչ էր արել «կանգնեցնել Ռուսաստանին, մինչ այն ՆԱՏՕ-ին եւ, հետեւաբար, ԱՄՆ-ին կներքաշի պատերազմի մեջ»:
Ինչպես նշում են լրատվամիջոցները, Դոնալդ Թրամփը սկսել է արագորեն ձեւավորել իր ապագա թիմը։ Այսպիսով՝ նոյեմբերի 11-ին նա Ներկայացուցիչների պալատի անդամ Էլիզ Ստեֆանիկին ընտրեց որպես ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան։
Թրամփի թիմի ներկայացուցիչներ Ռուբիոն եւ Ուոլցը չեն մեկնաբանել առաջիկա նշանակումների մասին մամուլի հրապարակումները։
Հիշեցնենք, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարչակազմում պետքարտուղարի պաշտոնը 2021 թվականի հունվարից զբաղեցնում է Էնթոնի Բլինքենը, իսկ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը՝ Ջեյք Սալիվանը։