Նոյեմբերի 11-ին Բաքվում բացվել է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի 29-րդ համաժողովը։ Միջոցառմանը, ըստ կազմակերպիչների, մասնակցում է գրեթե 67 հազար մարդ աշխարհի 200 երկրներից։ Նրանք երկու շաբաթվա աշխատանքի ընթացքում կքննարկեն գլոբալ տաքացման դեմ պայքարի եւ փարիզյան համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարմանն առնչվող հարցեր։
Սակայն համաժողովի օրակարգի ամենակարեւոր կետը կլիմայական ծրագրերի ֆինանսավորման եւ կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար զարգացող երկրներին տարեկան մինչեւ մեկ տրիլիոն դոլար հատկացնելու շուրջ համաձայնության հարցն է:
Ներկայում նման ֆինանսավորման ծավալը 100 մլրդ դոլար է, որին հասնելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ 2009 թվականին, սակայն այդ նպատակին հաջողվել էր հասնել միայն 2020-ին: Reuters-ը նշում է որ այդ տարվանից ի վեր հարուստ կամ զարգացած երկրները միշտ չէ, որ կատարել են այդ պարտավորությունները, ինչը հանգեցնում է կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելի երկրների միջեւ անվստահության աճին:
COP29-ի բացմանը ունեցած ելույթի ընթացքում կոնվենցիայի գործադիր քարտուղար Սայմոն Սթիլը հայտարարեց, որ կլիմայի հարցով ֆինանսավորումը բարեգործություն չէ, քանի որ նման քայլերը, ըստ նրա, լիովին համապատասխանում են յուրաքանչյուր երկրի, այդ թվում՝ ամենախոշոր եւ հարուստ երկրի շահերին։
«Եթե աշխարհի երկրների առնվազն երկու երրորդը չի կարող իրեն թույլ տալ կտրուկ նվազեցնել [մթնոլորտի ածխաթթու գազը] արտանետումները, ապա յուրաքանչյուր երկիր դրա համար ցավոտ գին կվճարի»,- ընդգծել է Սթիլը։
BBC-ն գրում է, որ նախորդ տարի տարի Դուբայում տեղի ունեցած COP28 համաժողովի ժամանակ երկրները համաձայնեցին աստիճանաբար հրաժարվել հանածո վառելիքից, սակայն դրանից հետո դրանց օգտագործումն ու վաճառքը շարունակել են աճել, օրինակ՝ այնպիսի երկրներում, ինչպիսին ԱՄՆ-ը եւ Ադրբեջանն են, եւ բացի այդ ստեղծվել են նաեւ նոր հանքավայրեր: Փորձագետները ենթադրում են, որ COP29-ը հազիվ թե վերջնաժամկետներ սահմանի կամ խստացնի հանածո վառելիքի օգտագործման համար անհրաժեշտ պահանջները, թեեւ որոշ երկրներ կարող են կողմ լինել ածուխով աշխատող նոր էլեկտրակայանների աշխատանքների դադարեցմանը:
Քննարկման մյուս թեման կլինի 2015 թվականի Փարիզի համաձանագրով սահմանված պարտավորությունների ակնհայտ ձախողումը։ Այդ փաստաթուղթը ստորագրած շուրջ 200 երկրներ համաձայնել էին ջանքեր գործադրել, որպեսզի մոլորակի միջին ջերմաստիճանը, համեմատած նախարդյունաբերական ժամանակաշրջանի հետ, չգերազանցի 2˚C-ը, եւ անգամ պայմանավորվածություն ձեռք բերել հնարավորության դեպքում այն նվազեցնելու եւ հասցնելու 1,5˚C-ի։
Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը վերջերս հայտարարեց, որ 2024 թվականը մինչ օրս գրանցված ամենաշոգ տարին է եղել: Հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում միջին ջերմաստիճանը 1,54˚C-ով բարձր է եղել, քան 19-րդ դարի վերջում։ Սա նշանակում է, որ աշխարհն այլեւս չի հետեւում փարիզյան համաձայանագրով նախանշված սահմանափակումներին։
Թեեւ Բաքվում անցկացվող COP29-ին մասնակցություն կունենան շուրջ 200 երկրների ներկայացուցիչներ, այնուամենայնիվ, շատ երկրների առաջնորդներ տարբեր պատճառաբանություններով հրաժարվել են գագաթնաժողովին մասնակցելուց:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել է, որ պետք է կենտրոնանա իր ինստիտուցիոնալ պարտականությունների վրա եւ պատրաստվի պաշտոնավարման երկրորդ ժամկետին, որը կմեկնարկի դեկտեմբերի 1-ին: Փոխարենը ԵՄ-ն ներկայացնում են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Կլիմայի պաշտպանության հարցերով եվրահանձնակատար Վոպկե Հոկստրան եւ էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը:
Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները դատապարտելուց եւ Հայաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնություն ձեռք բերելուց հետո Բաքվի հետ լարված հարաբերությունների ֆոնին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես չի մասնակցի COP29-ին։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն էլ նախապես ծրագրել էր գնալ Բաքու, բայց ուղեւորությունը չեղյալ հայտարարեց երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի պատճառով, որը սկսվել էր իշխող կոալիցիայի փլուզումից հետո:
COP29-ին չի մասնակցի նաեւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, քանի որ գագաթնաժողովը տեղի է ունենում նախագահական ընտրություննեից օրեր անց։ Փոխարենը ԱՄՆ-ը պատվիրակությունը կգլխավորի կլիմայի միջազգային քաղաքականության գծով նախագահի խորհրդական Ջոն Պոդեստան։
Գագաթնաժողովին չեն մասնակցի ո՛չ Մեծ Բրիտանիայի թագավոր Չառլզ III-ը, ո՛չ էլ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան. առաջինը շարունակում է ապաքինվել քաղցկեղից, երկրորդը՝ նախագահականում ստացած գլխի վնասվածքից։
Ռուսաստանն էլ Բաքվում նախագահ Վլադիմիր Պուտինի փոխարեն կներկայացնի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Հոկտեմբերին ԵՄ-ում Ուկրաինայի դեսպան Վսեւոլոդ Չենցովը Politico-ին ասել էր, որ միջազգային հանրությունը պետք է բոյկոտի գագաթնաժողովը, եթե Պուտինը մասնակցի դրան:
Սպասվող հյուրերից COP29-ի աշխատանքներին չեն մասնակցի նաեւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Հարավային Աֆրիկայի վարչապետ Սիրիլ Ռամաֆոսան եւ Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզը: