Արաբական լիգայի եւ Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրները Իսրայելին կոչ են արել դուրս գալ Գազայի հատվածից, Հորդանան գետի արեւմտյան ափից, Արեւելյան Երուսաղեմից եւ Սիրիայից 1967 թվականի վեցօրյա պատերազմի ժամանակներից օկուպացրած Գոլանի բարձունքներից։
Սաուդյան Արաբիայում կայացած գագաթնաժողովի անդամ երկրները համատեղ հայտարարության տեքստում նշում են, որ նման քայլը կնպաստի տարածաշրջանում «արդար եւ համապարփակ խաղաղության» հաստատմանը։ Մասնակից երկրները նաեւ ընդգծել են 1967 թվականի սահմաններին վերադառնալու եւ այն հարգելու կարեւորությունը:
Հայտարարությունը նաեւ կոչ է անում միավորել պաղեստինյան տարածքները՝ Գազայի հատվածը եւ Արեւմտյան ափը, մեկ Պաղեստին պետության մեջ՝ Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով: Բացի այդ՝ Արաբական լիգայի եւ ԻՀԿ երկրների ղեկավարները միջազգային հանրությանը կոչ են արել արգելել զենքի եւ զինամթերքի մատակարարումները Իսրայելին։
Գագաթնաժողովը կազմակերպել էր Ալ-Ռիադը՝ Մերձավոր Արեւելքում իրավիճակի վատթարացման ֆոնին։ Արաբական պետությունների լիգայի եւ Իսլամական համագործակցության կազմակերպության մեջ ներառված են ինչպես Իսրայել պետությունը ճանաչող երկրներ (Հորդանան, Մարոկկո եւ ԱՄԷ), այնպես էլ այնպիսիք, որոնք կտրականապես մերժում են նրա տարածաշրջանային ինտեգրումը։
Իրավիճակը Մերձավոր Արեւելքում կտրուկ սրվել էր նախորդ տարվա հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մարտիկների ներթափանցումից հետո, որն ուղեկցվել էր սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանություններով եւ պատանդառությամբ։ Ի պատասխան՝ Իսրայելը ռազմական գործողություններ սկսեց Գազայում՝ նպատակ ունենալով ոչնչացնելու ՀԱՄԱՍ-ի ռազմական ու քաղաքական հնարավորությունները եւ ազատ արձակելու բոլոր պատանդառվածներին։