Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հակառակ ակնկալիքներին, Լիբանանում եւ Գազայում գործողությունների ավելի մեծ ազատություն չի ստանա ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփից։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը՝ վկայակոչելով անանուն աղբյուրներին։
«Թրամփը չի պատրաստվում [Նեթանյահուին] գործողությունների ազատություն տալու: Եթե նա [Իսրայելի վարչապետը] ակնկալում է դա, ապա կհիասթափվի, նա ստիպված կլինի վերանայել իր մոտեցումը, քանի որ Թրամփը ցանկանում է դադարեցնել Մերձավոր Արեւելքում ընթացող ռազմական գործողությունները գրեթե այնքան, որքան ցանկանում է դադարեցնել Ուկրաինայում ընթացող պատերազմը»,- նշել է Politico-ի աղբյուրը:
Ինչպես նշում է պարբերականը, Նեթանյահուի համար սպասվածից ավելի դժվար կարող է լինել նախապես ծրագրված գործողությունների վերաբերյալ ԱՄՆ նորընտիր նախագահի հավանությունը ստանալը։ Միեւնույն ժամանակ, ըստ Նեթանյահուի նախընտրական շտաբի նախկին ստրատեգ Նադավ Շտրաուչլերի, Իսրայելն ավելի շատ ցանկանում էր, որ ընտրություններում հաղթի հենց Թրամփը, ոչ թե նրա դեմոկրատ մրցակից Քամալա Հարիսը:
Politico-ին մեկ այլ անանուն պաշտոնյա ասել էր, որ Նեթանյահուն եւ նրա խորհրդականները բավականին լավ գիտակցում են, որ Վաշինգտոնը շուտով ճնշումներ է գործադրելու Իսրայելի վրա հրադադարի հաստատման համար, մասնավորապես Լիբանանում:
«Թրամփը հրադադար է ակնկալում Լիբանանում մոտ ժամանակներս, նույնիսկ իր երդմնակալությունից առաջ»,- նշել է հրատարակության զրուցակիցը։
Հիշեցնենք, որ Թրամփի երդմնակալության արարողությունը կկայանա 2025 թվականի հունվարի 20-ին։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ հաղթելու դեպքում կկարողանա վերջ դնել Մերձավոր Արեւելքում տիրող քաոսին։ Քաղաքական գործիչը նաեւ նշել է, որ տարածաշրջանում էսկալացիայի նման մակարդակն անհնարին կլիներ, եթե ինքը գլխավորեր ամերիկյան վարչակազմը։