Ադրբեջանը կարողացել է դառնալ ինքնաբավ երկիր եւ վերադարձնել միջազգայնորեն ճանաչված տարածքների գրեթե 20%-ը։ Այսպիսի հայտարարություն հնչեցրել է Իլհամ Ալիեւը՝ նոյեմբերի 12-ին COP29-ում համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ։
Ալիեւի խոսքերով՝ Ադրբեջանը ինքնուրույն է իրագործել Արցախի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերը եւ «վերականգնել իր տարածքային ամբողջականությունը»։
«Մեկ տարի առաջ մենք ամբողջությամբ վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի, որոնք 30 տարի մնացել էին թղթի վրա։ Մենք ինքներս կատարեցինք այս բանաձեւերը եւ վերականգնեցինք միջազգային իրավունքը, արդարությունը եւ վերջ դրեցինք հայկական օկուպացիային»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էլ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ադրբեջանական կողմը վճռական է Հայաստանի հետ բանակցություններն ավարտին հասցնելու հարցում։
«Այս գործընթացը կախված է երկու կողմերից»,- նշել է Բայրամովը։
Նշենք, որ նախօրեին Ալիեւը Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոոյի հետ հանդիպմանը եւս մեկ անգամ ասել էր, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական խոչընդոտը Հայաստանի Սահմանադրությունն է, որը պետք է փոխվի։
Նոյեմբերի 5-ին էլ Հայաստանի արտգործնախարարությունն էր հայտնել, որ խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ստացել է ադրբեջանական կողմի պատասխան առաջարկները։
Դեռեւս օգոստոսի 31-ին մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ Երեւանը օգոստոսի 30-ին խաղաղության պայամանագրի շուրջ նոր առաջարկ է ներկայացրել Բաքվին՝ ընդգծելով, որ հայկական կողմը առաջարկում է ամբողջացնել արդեն համաձայնեցված կետերը եւ ստորագրել պայմանագիրը, իսկ չհամաձայնեցված հատվածների քննարկումները թողնել հետագային։
Ադրբեջանական կողմն էլ բազմիցս է տարբեր մակարդակներով կատարված հայտարարություններում նշել, որ Հայաստանն իր ուղարկած վերջին առաջարկներին պատասխանել է շուրջ 70 օր անց, ինչը Բաքվին ստիպում է թերահավատորեն մոտենալ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված Երեւանի քայլերի անկեղծությանը։ Բացի այդ՝ Ադրբեջանը նախագահ Իլհամ Ալիեւի մակարդակով նաեւ հստակեցրել է, որ կստորագրի միայն պայմանագրի ամբողջականորեն համաձայնեցված տեքստը։