Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հրաժարվեց Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի մասին ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնած հայտարարության նախագիծն ընդունելուց։
Նշենք, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները հայտարարության քննարկման համար հրատապ նիստ գումարելու առաջարկով հանդես էին եկել հոկտեմբերի 31-ին։ Նախագիծը ենթադրում էր Հայաստանի խորհրդարանի անունից կոչ ուղղել միջազգային հանրությանը ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ հայ գերիներին եւ պահվող անձանց ազատ արձակելու համար։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ իշխանություններն ամեն օր են զբաղվում գերիների վերադարձի հարցով, որը երկրի դիվանագիտության օրակարգում է, իսկ հայտարարությունները այս հարցով որեւէ բան չեն փոխում։ Նրա խոսքերով՝ ընդդիմությունը նման քննարկումները դարձրել է ներքաղաքական պայքարի միջոց։
Խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները պնդում են, որ համատեղ հայտարարությունը կարեւոր է, հատկապես հիմա, երբ Ադրբեջանում ընթանում է ՄԱԿ-ի կլիմայի համաժողովը (COP29):
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում պահվում է 23 հայ, որոնցից 8-ը Արցախի նախկին ռազմաքաղական ղեկավարությունն է։