Վրաստանին արմատական փոփոխություններ են անհրաժեշտ նույնիսկ ԵՄ-ի թեկնածու մնալու համար, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ջոզեպ Բորելը European Pravda-ին տված հարցազրույցում։
Բորելը նշել է, որ ԵՄ ինտեգրման հարցում Ուկրաինան եւ Վրաստանը մեծ տարբերություն ունեն։
«Ուկրաինայի նախագահն ու կառավարությունը ձգտում են միանալու ԵՄ-ին, ինչպես եւ ուկրաինական հասարակությունը։ Կասկած չկա, որ ձեր երկիրը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը։ Եվ Ուկրաինայի մուտքը ԵՄ կլինի անվտանգության ամենաուժեղ պարտավորությունը կամ երաշխիքը, որը մենք կարող ենք առաջարկել Ուկրաինային։ Բայց նույնը չի կարելի ասել Վրաստանի մասին։ Մենք զգուշացրել ենք Վրաստանի ղեկավարներին եւ կառավարությանը, որ նրանք հեռանում են եվրոպական ճանապարհից։ [Եթե նրանք] ուզում են լինել Եվրամիությունում, պետք է փոխեն ընդունված օրենքը, շտկեն ընտրություններում ի հայտ եկած խնդիրները»,-ասել է Բորելը ուկրաինական պարբերականին։
Ավելի վաղ Բրյուսելը հայտարարել էր, որ եվրաինտեգրումը շարունակելու համար Վրաստանը պետք է չեղարկի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, «Ընտանեկան արժեքների եւ անչափահասների պաշտպանության մասին» օրենսդրական փաթեթը, ինչպես նաեւ ձեռնպահ մնա այլ գործողություններից, որոնք երկիրը օտարում են ԵՄ-ից։
Հոկտեմբերի 30-ին Բորելը հայտարարել է, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ լուրջ խախտումներ են կատարվել, ինչը պահանջում է հետաքննություն, թափանցիկ եւ անկախ մոտեցում առաջացած խնդրի շուրջ։