Երեւանի քաղաքային իշխանության որոշման համաձայն՝ նոյեմբերի 1-ից Երեւանում «Ման», «Ժոնգ տոնգ» ու «Գազել-սիթի» մակնիշի ավտոբուսի ուղեւորներն ուղեվարձը վճարելու համար պետք է ունենան կա՛մ 100-դրամանոց եւ գցեն հատուկ արկղի մեջ, կա՛մ QR կոդ եւ ավտոբուսներում տեղադրված վալիդատորի միջոցով սքանավորեն։ Վարորդներին ուղեվարձ փոխանցել չի կարելի։ Այս գործընթացը հանրային տրանսպորտի համալիր բարեփոխման եւ միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման բաղադրիչներից է։
Քաղաքապետարանը հավաստիացնում է՝ այս որոշման դրական արդյունքն արդեն իսկ նկատելի է․ հոկտեմբերի 25-27-ը ներառյալ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ն գանձել է 62 370 100 դրամ, իսկ նոյեմբերի 1-3-ը այդ ցուցանիշը կազմել է 72 528 400 դրամ։ Այսինքն՝ վերոնշյալ որոշման ուժի մեջ մտնելուց հետո ստվերը կրճատվել է, եւ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ գումար է գանձել։
Հոկտեմբերի 31-ին վալիդատորների միջոցով (բջջային հավելվածի միջոցով տրամադրվող կամ թղթային QR կոդ) վճարում է կատարել 19 709, իսկ նոյեմբերի 1-ին՝ 52 153 քաղաքացի: Նոյեմբերի 11-ին կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց՝ նոյեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում 2 131 746 ուղեւորից 578 202-ն օգտվել է տոմսային համակարգից: Նախորդ շաբաթվա համեմատ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի հասույթն ավելացել է 24 մլն 700 հազար դրամով:
Միասնական տոմսային համակարգն ամբողջապես ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից․ քաղաքացիներն ավտոբուսներից կօգտվեն տրանսպորտային ծախսերը վճարելու համար նախատեսված քարտերով, բանկային քարտերով եւ բջջային հավելվածով։ Իսկ մինչ այդ Երեւանի քաղաքապետարանը ստվերը կրճատելու նպատակով քաղաքացիներին հորդորում է մետաղադրամը գցել հատուկ արկղի մեջ կամ QR կոդ ունենալ եւ ոչ մի դեպքում վարորդին գումար չտալ։ Ի դեպ, տրանսպորտի ուղեվարձի էլեկտրոնային համակարգը սպասարկում է միայն մեկ կազմակերպություն՝ TelCell-ը։
Բազմաթիվ ուղեւորներ այս օրերին չեն կարողանում 100-դրամանոց գտնել․ շատերն այս խնդրի վերաբերյալ ֆեյսբուքյան գրառումներ են անում։ Ոմանք էլ փորձում են հեռախոսով հավելվածն ակտիվացնել, սակայն միշտ չէ, որ հաջողվում է․ համակարգը երբեմն խափանվում է։ Երբեմն էլ ավտոբուսներում գտնվող վալիդատորները չեն աշխատում, ուստի QR կոդ ունեցողները չեն կարողանում վճարել ուղեվարձը։
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն էլ նշում է՝ կա՛մ քաղաքապետարանն է շորթում քաղաքացիներին, կա՛մ մետրոպոլիտենը, կա՛մ էլ TelCell-ը, ուստի որոշել է դատական հայց ներկայացնել ընդդեմ քաղաքապետարանի։
Մետրոպոլիտենում վաճառվող QR կտրոնները կարելի է օգտագործել նաեւ ավտոբուսներում։ Քաղաքացին գործարանային մետրոյից գնել է մի քանի QR կտրոն, հաջորդ օրը փորձել է օգտագործել դրանք, սակայն պարզվել է՝ այդ կտրոններն արդեն օգտագործված են, դրանցով վճարել են 13 համարի երթուղայինից օգտվելիս, մինչդեռ քաղաքացին այդ երթուղայինից չի էլ օգտվում։
«Հարցը այդ մի քանի հարյուր դրամը չէ, հարցը քեզ խաբված ու արհամարհված զգալն է,- գրել է քաղաքացին:- Եթե իմ իրավաբան ընկերները կօգնեն (ես ունեմ բոլոր ապացույցները, որ ես ու իմ ընտանիքի անդամները չէինք կարող երթեւեկել այդ երթուղով), ուզում եմ դատի տալ քաղաքապետարանին՝ մարդկանց ծաղրելու համար»,- նշել է ֆեյսբուքյան օգտատեր Տիրուհի Բայբուրդյանը:
Սահմանադրագետ Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է 100-դրամանոց ունենալու պարտադրանքին եւ այն որակել «հակասահմանադրական»։ Սահմանադրագետը հիշեցրել է՝ Սահմանադրության 39-րդ հոդվածի երկրորդ նախադասության համաձայն`«Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով»։
«Առնվազն այս պահին ՀՀ-ում չկա որեւէ օրենք, որը պարտադրում է ուղեւորին ունենալ համապատասխան տեսակի (նկատի ունեմ 100 դրամ արժեքով) մետաղադրամ. ուղեւորի պարտականություններն այս մասով վերաբերելի երկու օրենքներում ավարտվում են զուտ վճարման կատարմամբ, այլ ոչ թե վճարման եղանակի կոնկրետացված միջոցով»,- մանրամասնել է Վահե Գրիգորյանը։
«Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի փոխնախագահ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանն ասում է՝ քաղաքացիներից անընդհատ բողոքներ են ստանում։
«Մարդիկ խանութներից, բանկերից 100-դրամանոց են խնդրում, մինչդեռ պարտավոր չեն։ Ես ինքս նկատել եմ՝ որոշ դեպքերում վալիդատորներն էլ չեն աշխատում։ Դեռ ուզում են առաջիկայում ուղեվարձը թանկացնել։ Հատուկ կոճակներ կան, որոնք սեղմելով՝ ուղեւորները վարորդին խնդրում են կանգ առնել։ Այդ կոճակների մի մասն արդեն փչացել է, իսկ տեխնիկական սպասարկում չկա՞, ինչո՞ւ չեն նորոգում։ Ավտոբուսները կեղտոտ են, չգիտեմ՝ ինչ հաճախականությամբ են դրանք մաքրում։ Բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն, բայց դրանք չլուծած՝ թանկացման մասին են խոսում»,- ասում է Սյուզաննա Չիլինգարյանը։
Նա շեշտում է՝ բազաթիվ տարեցներ սմարթֆոնից օգտվել չգիտեն, իսկ 100-դրամանոց ուղղակի չեն կարողանում գտնել։ Քարտային համակարգ էլ չկա, որ մարդիկ գոնե դրանից օգտվեն, ուստի շատերը անելանելի վիճակում են հայտնվել։
«Կարծում եմ՝ բողոքի ալիք է լինելու, մարդիկ ըմբոստանալու են։ Դժվար թե քաղաքացիները հանդուրժեն թանկացումը։ Ահավոր վիճակ է։ Մարդիկ աշխատանքի գնալիս ու վերադառնալիս բավական երկար սպասում են ավտոբուսին, իսկ երբ այն գալիս է, կա՛մ մի կերպ խցկվում եմ, կա՛մ էլ չեն կարողանում ավտոբուս բարձրանալ։ Հատկապես այդ ժամերին ավտոբուսներում տեղ չի լինում։ Թվարկված խնդիրները լուծելու փոխարեն թանկացնելու մասին են մտածում կամ ուղեվարձի վճարման խնդիրներ ստեղծում քաղաքացիների համար»,- ասում է Սյուզաննա Չիլինգարյանը։
Երեւանի ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ ընդդեմ հանրային տրանսպորտի թանկացման ստորագրահավաք է սկսել: Այս խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասաց՝ այս օրերին զրուցել է քաղաքացիների հետ ու համոզվել՝ նրանց մեծ մասը դեմ է տրանսպորտի թանկացմանը։ Բացի դրանից՝ մարդիկ դժգոհում են TelCell համակարգից։
«Ոմանք ոչ մաքուր գործարք են տեսնում այս համակարգի եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ։ Իհարկե, ես բացատրում էի, որ մրցույթ է եղել, այս ընկերությունն է հաղթել, ուստի պետք է նրա մատուցած ծառայությունից օգտվել, բայց, այնուամենայնիվ, քաղաքացիները կասկածներ ունեն»,- ասում է Իզաբելլա Աբգարյանը։
Ըստ նրա՝ հարկավոր էր տոմսային համակարգին անցնել այն ժամանակ, երբ պլաստիկ քարտեր, տոմսեր կլինեին, կամ գոնե ուղեւորները բանկային քարտով վճարելու հնարավորություն կունենային։ Այդպես արվում է արտասահմանյան բազմաթիվ երկրներում, եւ քաղաքացիները կարողանում են անխոչընդոտ օգտվել այդ համակարգից։
«Խառնաշփոթ է ստեղծվել․ ուղեւորները չեն կարողանում 100-դրամանոց հայթայթել, տարեցները վալիդատորներից չեն կարողանում օգտվել: Քաղաքացիները շատ զայրացած են։ Հունվարի 1-ից հետո բողոքի ալիք կլինի։ Ոմանք էլ գիտեն, որ թանկացում է լինելու, բայց չգիտեն՝ որքան է թանկանալու։ Մեր ակցիաների ժամանակ մարդկանց բացատրում ենք նաեւ, թե վճարային ինչ համակարգ է լինելու, ինչ սակագներ են գործելու»,- մանրամասնում է Իզաբելլա Աբգարյանը։
Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն էլ վստահեցնում է՝ պետք է հրաժարվել TelCell համակարգից, որն արդյունավետորեն չի աշխատում։ Այն չի իրականացնում պայմանագրով սահմանված դրույթները։ Ըստ նրա՝ մենաշնորհ է ստեղծվել։
«Աբսուրդ է։ Ինչո՞ւ քաղաքապետարանը չի հրաժարվում TelCell համակարգից։ Մետրոպոլիտենում QR տոմսեր են վաճառում։ Այո՛, մարդիկ կարող են դրանցից ձեռք բերել եւ օգտվել ավտոբուսներից, բայց ինչո՞ւ պիտի TelCell-ի գործառույթը կատարեն։ Ինչո՞ւ այդ համակարգը պիտի պարբերաբար խափանումներ ունենար։ Բացի այդ՝ այս ընկերությունը ֆլիպ-մենեջմենթ համակարգն էլ պիտի արդեն ներդրած լիներ, որ քաղաքացին հստակ իմանար՝ ո՛ր ժամին տվյալ ավտոբուսը կլինի տվյալ վայրում, բայց այն մինչեւ հիմա ներդրված չէ»,- ասում է Մեսրոպ Մանուկյանը։
Անդրադառնալով տրանսպորտի թանկացմանը՝ Մանուկյանը նշում է, որ եթե անգամ առաջիկայում շարժակազմն ավելանա, ավտոբուսներ դուրս գան երթուղի, միեւնույնն է, էական դրական փոփոխություններ չեն նկատվի։
«171 ավտոբուս են ավելացնելու, բայց որոշ ավտոբուսներ էլ պիտի դուս գան երթուղուց։ Այնպես որ, այդ 171 ավտոբուսները ցավին դարման չեն լինելու»,- եզրափակում է Մեսրոպ Մանուկյանը:
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։