Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ աջակցութրամբ աշխատում են անդրսահմանային գետերի ջրերի կառավարման ինտեգրված սխեմայի ստեղծման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին։
Դիվանագետի հայտարարությունը հրապարակել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան X-ի էջը։
«Ադրբեջանից եւ Հայաստանից մի խումբ հիդրոլոգներ եւ ինժեներներ, մեր ակտիվ աջակցությամբ, համատեղ աշխատանք են տանում անդրսահմանային գետերի ջրերի կառավարման ինտեգրված սխեմայի վրա»,- ասվում է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա ապրիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ելույթ ունենալով Շիրվանի ջրանցքի հիմնարկեքի արարողությանը, անկեղծացել էր, որ Ադրբեջանի համար առաջնային խնդիր է ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը։
«Մեր լեռներում քիչ ձյուն է տեղացել։ Գետերի մակարդակը նախորդ տարիների համեմատ նվազել է, իսկ որոշ հիմնական գետեր չորացել են։ Կասպից ծովի ծանծաղացումն ակնհայտ է։ Սա կարող են տեսնել բոլորը: Այս պարագայում մեր հիմնական խնդիրը ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործումն է»,- ընդգծել էր Ալիեւը։