Tesla-ի եւ Space X-ի հիմնադիր Իլոն Մասկը եւ միլիոնատեր Վիվեկ Ռամասվամին, որ նախագահական ընտրությունների մասնակցության համար առաջադրվել էր Հանրապետական կուսակցության նախնական ընտրություններում, կգլխավորեն ԱՄՆ կառավարության արդյունավետության նոր դեպարտամենտը (DOGE), հայտարարել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը:
«Այս երկու մեծ ամերիկացիները միասին ճանապարհ կհարթեն իմ վարչակազմի համար՝ պետական բյուրոկրատիան քանդելու, ավելորդ նորմատիվ ակտերը, անիմաստ ծախսերը կրճատելու եւ դաշնային գործակալությունները վերակառուցելու համար, որը համարվում է «Փրկենք Ամերիկան» շարժման ամենակարեւոր պայմանը»,- ասվում է Թրամփի հայտարարության տեքստում, որը նա հրապարակել էր Truth Social-ի իր էջում:
Նշվում է, որ նոր գերատեսչությունն իր խորհրդատվական գործառույթները կիրականացնի կառավարությունից դուրս եւ կհամագործակցի Սպիտակ տան, ինչպես նաեւ բյուջեի կառավարման վարչության հետ՝ լայնամասշտաբ կառուցվածքային բարեփոխումների եւ կառավարության համար առավել ձեռնարկատիրական մոտեցում ստեղծելու համար։ Մասկը եւ Ռամասվամին այս աշխատանքը կիրականացնեն մինչեւ 2026 թվականի հուլիսը։
«Ավելի փոքր, ավելի արդյունավետ կառավարությունը՝ ավելի քիչ բյուրոկրատիայով, հրաշալի նվեր կլինի ամերիկացիների համար Անկախության հռչակագրի 250-ամյակի կապակցությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:
Նախօրեին Թրամփը նաեւ հայտարարել էր ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ղեկավարի թեկնածուի անունը։ Նա Fox News-ի հաղորդավար եւ ԱՄՆ բանակի վետերան Փիթ Հեգսեթն է, որը ծառայել է Գուանտանամոյի բազայում, Իրաքում եւ Աֆղանստանում: «Փիթը կոշտ է, խելացի եւ իսկապես հավատում է, որ Ամերիկան առաջին տեղում է։ Փիթի ղեկավարությամբ Ամերիկայի թշնամիները նախազգուշացում կստանան։ Մեր բանակը կրկին մեծ կլինի, եւ Ամերիկան երբեք չի նահանջի»,- հայտարարել է Թրամփը:
Նորընտիր նախագահը նաեւ հայտարարել է, որ երկրի մյուս առանցքային պաշտոնը՝ Կենտրոնական հետախուզական վարչությունը, կգլխավորի Տեխասից նախկին կոնգրեսական, Ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջոն Ռաթքլիֆը։ Նրա մասին Թրամփն ասել է, որ «նա միշտ եղել է ճշմարտության եւ ազնվության ջատագով»:
Ներքին անվտանգության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնի համար էլ Դոնալդ Թրամփը առաջադրել է Հարավային Դակոտայի նահանգապետ Քրիստի Նոեմին։ Հայտարարության մեջ Թրամփը նշել է, որ նա «շատ ուժեղ է սահմանային անվտանգության հարցերում»՝ նշելով, որ նա, որպես նահանգապետ, Ազգային գվարդիայի զորքեր է ուղարկել Տեխաս-Մեքսիկա սահման։
Նոեմն էլ լրատվամիջոցների համար իր հայտարարության մեջ խոստացել է «ապահովել սահմանների պահպանությունը եւ վերականգնել ամերիկյան համայնքների անվտանգությունը, որպեսզի ընտանիքները կրկին հնարավորություն ունենան իրագործելու ամերիկյան երազանքը»:
Նշենք, որ նախօրեին էլ հայտնի դարձավ, որ պետքարտուղարի պաշտոնի համար Թրամփը առաջադրել է սենատոր Մարկո Ռուբիոյի թեկնածությունը, իսկ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի համար՝ Մայք Ուոլցինը։