ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նախօրեին կայացած հեռախոսազրույցի ընթացքում «ընդգծել են Հարավային Կովկասում արժանապատիվ եւ կայուն խաղաղության հասնելու կարեւորությունը»։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ։
Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Օնջու Քեչելին էլ X-ի իր էջում գրել է, որ Բլինքենն ու Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության գործընթացին։
Կողմերը քննարկել են նաեւ Իսրայելի կողմից Գազայում եւ Լիբանանում շարունակվող ռազմական գործողությունները դադարեցնելու, պատանդառված իսրայելցիների ազատ արձակումը ապահովելու, Լիբանանի հարավ եւ Իսրայելի հյուսիսային շրջաններ փախստականների վերադարձը ապահովելու, Գազայում մարդասիրական օգնությունը կրկնապատկելու եւ տեղի պաղեստինցիների կյանքը վերականգնելու հնրավորության ստեղծման համար տարվող դիվանագիտական ջանքերը։