Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հարնապետությունից (Հյուսիսային Կորեա, ԿԺԴՀ) Ռուսաստան տեղափոխված զինվորականները սկսել են ներգրավվել Կուրսկի մարզում ընթացող ռազմական գործողություններում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը, հայտնում է Reuters-ը։
«Ավելի քան 10,000 հյուսիսկորեացի զինվոր է ուղարկվել Ռուսաստանի արեւելք, եւ նրանց մեծ մասը տեղափոխվել է Կուրսկի մարզ՝ ամենաարեւմտյան հատված, որտեղ ռուսական ուժերի հետ սկսել են մասնակցել ընթացող մարտական գործողություններին»,- ասել է Պատելը:
Ավելի վաղ The New York Times-ը գրել էր, որ Կուրսկի մարզում ՌԴ հրամանատարությունը կենտրոնացրել է շուրջ 50-հազարանոց զորախումբ, որում ներգրավված են նաեւ ԿԺԴՀ-ից տեղափոխված ստորաբաժանումները։ Սպասվում է, որ մոտ օրերս այս խմբավորումը լայնածավալ հակահարձակում կանցկացնի Կուրսկի մարզում, որի արեւմտյան շրջանները օգոստոսի սկզբից գտնվում են Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության ներքո։
Ուկրաինան, Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը հոկտեմբերի վերջից հայտարարում են, որ հյուսիսկորեական զորքերը տեղափոխվել են Կուրսկ։ Նրանց տվյալներով՝ ԿԺԴՀ-ն Ռուսաստան է ուղարկել մոտ 12 հազար զինվորականի։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերն արդեն առաջին ռազմական բախումներն են ունեցել ԿԺԴՀ-ի զինվորականների հետ։