Թուրքիան BRICS միջպետական տնտեսական ասոցիացիայից գործընկեր պետություն կամ, որ նույնն է, կառույցի ասոցացված անդամ դառնալու առաջարկ է ստացել։ Այս մասին հայտարարել է հանրապետության առեւտրի նախարար Օմեր Բոլատը։
«BRICS-ը համագործակցության կազմակերպություն է եւ ներառում է կարեւոր երկրներ, որոնց բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի 25%-ը: BRICS-ի հեղինակությունը աճում է։ Ինչ վերաբերում է BRICS-ին Թուրքիայի միանալուն, ապա մեզ ասոցացված անդամակցություն է առաջարկվել։ BRICS-ին միանալը զգալի օգուտներ կբերի Թուրքիային բոլոր կարեւոր գլոբալ հարթակների հետ համագործակցության առումով»,- ասել է Բոլատը, որի խոսքերը մեջբերում է Haber հեռուստաալիքը։
Նախարարը հիշեցրել է, որ Կազանում BRICS-ի վերջին գագաթնաժողովում «դիտարկվել են Թուրքիայի եւ մի շարք այլ երկրների հայտերը»։
«Ինչպես մենք հասկանում ենք, մեզ առաջարկվում է գործընկերոջ կարգավիճակ։ Միեւնույն ժամանակ, խոսք չկա, որ Հնդկաստանը վետո կդնի մեր անդամակցությանը»,- հավելել է Բոլատը:
Հոկտեմբերի վերջին գերմանական Bild պարբերականը գրել էր, որ Հնդկաստանն իբր վետո է դրել BRICS-ին միանալու Թուրքիայի հայտին՝ Պակիստանի հետ Անկարայի լավ հարաբերությունների պատճառով։ Թուրքիայի նախագահի աշխատակազմը հերքել էր այս տեղեկությունը։