««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախատեսում է Վայոց ձորում իրականացնել ջրային ռեսուրսներին վերաբերող ամենալայնածավալ ծրագիրը։ Նախագծելու եւ սկսելու ենք կառուցել նաեւ Խնձորուտի, Վերնաշենի, Խաչիկի ջրամբարները»,- սա հատված է Նիկոլ Փաշինյանի՝ 2021-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավից։
Խոստումի օրվանից ավելի քան երեք տարի անց վերնաշենցիները հետաքրքրվում են՝ ի՞նչ եղավ ջրամբարի հարցը։ Շուրջ 100 վերնաշենցիներով մոտ երեք ամիս առաջ նաեւ նամակ են հղել վարչապետին եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը՝ հասկանալու, թե արդյոք խոստացված ջրամբարի հարցով սայլը տեղից շարժվել է։ Մինչ այժմ պատասխան չեն ստացել։«Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում վերնաշենցի Հայկ Իսախանյանը նշեց՝ մարզի Մալիշկա, Գլաձոր, Վերնաշեն բնակավայրերը սակավաջուր են։ Մոտ 1000 հեկտար վարելահող անջրդի է։ Ջրամբար կառուցելու խոստումները տարբեր տարիների են լսել գյուղացիները։ «Դեռեւս Խորհրդային Միության տարիներին նախագծել էին ու սկսել կառուցել Հերհերի եռաստիճան ջրամբարը։ Ներքին ցանցը գրեթե ավարտել էին, խողովակներն անցկացվել էին, ջրհան կայանն էլ գրեթե պատրաստ էր։ Շինարարությունն անավարտ մնաց, խողովակներն էլ հանեցին»,- մտաբերում է Իսախանյանը։
Այժմ անջրդի հողատարարածքները սեփականաշնորհված են, բայց սեփականատեր գյուղացիները չգիտեն ինչպես օգուտ ստանալ։ «Շարունակում ենք հույս դնել բնության վրա․ թե տարին տեղումնառատ է լինում, բերք ենք ստանում։ Ոմանք շարունակում են գարի, ցորեն ցանել․ թե բնությանը հաճո լինի, բերք կստանան»,- ասում է վերնաշենցին։
Գյուղացիները նաեւ սեփական ուսումնասիրությունն են արել՝ հասկանալու, թե որքան ջուր կարող է հավաքվել ամբարում։ Ըստ այդ ուսումնասիրությունների՝ գարնան ընթացքում ջրամբարի նախատեսված 3,2 միլիոն խորանարդ մետր ծավալն ամբողջությամբ կարող է հավաքվել, անգամ հասնել 4 միլիոն խորանարդ մետրի։ Գարնանը տեղացող ջրի պաշարն այդ ամիսներին բավարարում է, խնդիրը ամռան շոգ ամիսներին հողը ծարավ չթողնելն է, որ բերքը հասնի։
Վայոցձորցիները նշում են՝ ջրամբարը համայնքապահպան նշանակություն ունի։ Այսօր, երբ ամեն ինչ կենտրոնացած է մայրաքաղաքում, գյուղում բնակչին պահող միակ ռեսուրսը հողն է մնացել։ Վերնաշենցի Հարություն Գեւորգյանն էլ հարցնում է՝ եթե այդ հողն էլ մշակել չեն կարողանում, ինչով զբաղվեն։
«Կառավարությունը պետք է դեմքով շրջվի դեպի գյուղացին։ Աջակցություն պետք է տրվի, որ գյուղերն արթնանան։ Այդքան միջոցներ են ներդնում, մայրաքաղաքը մեծացնում են․ բոլորը քաշվել են մի կողմ, գյուղերը կործանվում են։ Աշխատատեղեր չկան, երիտասարդները գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն չեն ստանում, ստիպված հեռանում են, գյուղերում մնում են մեծահասակները, արդյունքում գյուղերը ծերանում են»,- ասում է Հարություն Գեւորգյանը։
Գյուղացիներն ուզում են գոնե պատասխան ստանալ՝ այս անգամ խոստմանը սպասելն իմաստ ունի՞, թե՞ իրենք իրենց գլխի ճարը տեսնեն։
Վերնաշենցիները նաեւ մտահոգություն ունեն, որ ջրամբարի հարցով չզբաղվելը կարող է պայմանավորված լինել տարածքում հանք բացելու քննարկումներով։ Թեքսարքի լանջերին նախատեսված են թե՛ ջրամբարի կառուցումը, թե՛ Գլաձորի հանքի բացումը․ երկուսի դեպքում էլ հստակություն չկա։ Գյուղացիները հույս ունեն՝ նժարը կթեքվի ջրամբարի կողմը։
«Մենք ջուր ենք ուզում․ հուսով ենք՝ իշխանությունները կուսումնասիրեն հանքն ու կհամոզվեն՝ ինչ վտանգներ է այն պարունակում։ Կա՛մ մենք պետք է ապրենք այս տարածքում, կա՛մ հանք պետք է լինի»,- ասում է Իսախանյանը։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: