Արդարադատության միջազգային դատարանը միակ իրավական հարթակը չէ, որտեղ Ադրբեջանը հայցեր է ներկայացրել Հայաստանի դեմ, Բաքուն նաեւ հանդես է գալիս այլ միջազգային իրավական հարթակներում՝ Հայաստանի կողմից միջազգային իրավունքի խախտման պատճառով փոխհատուցումներ ստանալու համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Հաագայի դատարանի նախօրեին հրապարակած վճիռը։
«Մենք կշարունակենք մեր ջանքերը՝ պատասխանատվության ենթարկելու Հայաստանին մարդու միջազգային իրավունքների բազմաթիվ խախտումների համար, Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների տասնամյակներ շարունակ օկուպացիայի եւ դրա հետ կապված հակամարտությունների համար»,- ասել է Հաջիզադեն։
«Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակում նախօրեին Արդարադատության միջազգային դատարանը մերժեց ադրբեջանական կողմի ներկայացրած բոլոր առարկությունները եւ բավարարեց Հայաստանի երկու առարկությունները։
Հայաստանն Ադրբեջանին մեղադրում է էթնիկ հայերի սպանությունների, խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի, ինչպես նաեւ ազատազրկումների եւ բռնի անհետացումների կազմակերպման համար։