Իսրայելը Գազայի հատվածում ոչնչացրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական ներուժը եւ վերացրել է խմբավորման ղեկավարությանը, այժմ պետք է կենտրոնանալ հակամարտության կարգավորման վրա։ Այս մասին լրագրողներին հայտնել է այցով Բրյուսելում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Իսրայելը հայտարարել էր, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ի նման հարձակումը կանխելու համար ՀԱՄԱՍ-ի եւ նրա առաջնորդների ռազմական հնարավորությունները, որոնք պատասխանատու են հոկտեմբերյան այդ հարձակումը նախապատրաստելու համար, պետք է ամբողջությամբ ոչնչացվեն: [Իսրայելը] հասել է այս նպատակներին։ Եկել է պատերազմը ավարտելու ժամանակը»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը։
Բլինքենի խոսքերով՝ հակամարտությունը դադարեցնելու համար անհրաժեշտ է ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնության գալ պատանդների վերադարձի եւ Գազայի հատվածում հրադադարի շուրջ, ինչպես նաեւ ապահովել իսրայելական զորքերի դուրսբերումը շրջանից։
Միեւնույն ժամանակ պետքարտուղարն ընդգծել է, որ անհրաժեշտ է թույլ չտալ ՀԱՄԱՍ-ի ռազմական ներուժի վերականգնումը։
Իրավիճակը Մերձավոր Արեւելքում կտրուկ վատթարացավ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մարտիկների ներթափանցումից հետո, որն ուղեկցվեց սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանությամբ եւ մոտ 250 մարդու պատանդառությամբ։ Պաղեստինյան շարժումը այդ հարձակումն անվանել է պատասխան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի դեմ Իսրայելի իշխանությունների իրականացրած գործողություններին։ Արդյունքում Իսրայելը հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին եւ սկսեց հրթիռային հարվածները, ապա նաեւ ցամաքային գործողությունները շրջանի հյուսիսում։
Իսրայելական կողմի վերջին տեղեկությունների համաձայն՝ Գազայում ՀԱՄԱՍ-ը դեռեւս պատանդ է պահում 101 մարդու։