Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը COP29-ի շրջանակում անցկացված Կլիմայի փոփոխության հարցերով փոքր կղզիների վրա գտնվող զարգացող պետությունների առաջնորդների գագաթնաժողովում հնչեցրած ելույթի ժամանակ Ֆրանսիային մեղադրել է անդրծովյան տարածքներում էկոհամակարգերին վնաս հասցնելու եւ մարդու իրավունքների խախտումների համար։
«Ֆրանսիական Պոլինեզիան եւ Նոր Կալեդոնիան 1946-1947 թվականներից ՄԱԿ-ի կողմից ճանաչվել են որպես ոչ ինքնակառավարվող տարածքներ։ Այնուամենայնիվ, նրանց ապագաղութացման գործընթացը դեռ հետաձգվում է»,- ասել է Ալիեւը նոյեմբերի 13-ին իր ելույթում։
«Ֆրանսիական Պոլինեզիան բախվեց շրջակա միջավայրի լուրջ դեգրադացիայի՝ Ֆրանսիայի կողմից իրականացված 193 միջուկային փորձարկումների պատճառով։ Ֆրանսիան պատասխանատու է այնտեղ հողի եւ ջրի խիստ աղտոտման եւ ճառագայթման համար: Եթե գումարենք Ֆրանսիայի կողմից Ալժիրում օկուպացիայի տարիներին իրականացված 17 միջուկային փորձարկումները, ապա կտեսնենք, թե ինչ վնաս է հասցրել այս երկիրը մոլորակի էկոհամակարգին»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Ալիեւի խոսքերով՝ կարեւոր է ուշադրություն դարձնել Ֆրանսիայի կողմից անդրծովյան տարածքներում մարդու իրավունքների խախտման դեպքերին՝ որպես օրինակ ներկայացնելով ընթացիկ տարվա մայիսին Նոր Կալեդոնիայում ցույցերի ժամանակ տեղի ունեցած բախումները։
Հիշեցնենք, որ ի պատասխան Հայաստանի հետ սերտ ռազմատեխնիկական համագործակցության եւ միջպետական հարաբերությունների խորացման՝ վերջին տարիներին Ադրբեջանը փորձում է տարատեսակ հարթակներ ձեւավորել Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում, այսպես կոչված, «ապագաղութացման» պայքարին խթանելու եւ «նեոգաղութատիրության» դեմ պայքարելու համար։
Փարիզն իր անդրծովյան տարածքներում ապակայունացման փորձի համար Ադրբեջանի հասցեին առաջին մեղադրանքները հնչեցրեց ընթացիկ տրավա մայիսին՝ Նոր Կալեդոնիայում սկսված բողոքի ակցիաներից ու բախումներից հետո։
Նոր Կալեդոնիայում ճգնաժամն առաջացել էր ֆրանսիացի պատգամավորների՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու առաջարկից հետո, որով տասը տարուց ավելի կղզեխմբում բնակվող յուրաքանչյուր քաղաքացու թույլատրվելու էր քվեարկել տեղական ընտրություններին:
Փոփոխությունների հակառակորդները մտավախություն ունեին, որ դրանք էլ ավելի կմարգինալացնեն տեղաբնիկներին, որոնք կազմում են Նոր Կալեդոնիայի բնակչության մոտ 40%-ը, եւ որ արդյունքում կշահեն ֆրանսիամետ քաղաքական գործիչներն ու վերաբնակները։
Բողոքի ցույցերը վերաճեցին անկարգությունների եւ բախումների Ֆրանսիայի հետ միասնության պահպանման ու Նոր Կալեդոնիայի անկախության կողմնակիցների միջեւ։
Բողոքի ցույցերի սկսվելուց անմիջապես հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելեց Նոր Կալեդոնիա։ Նա այդ ժամանակ նաեւ հանդիպեց անկախության քարզչությամբ եւ անկարգությունների համակարգմամբ զբաղվող «Դաշտային գործողությունների համակարգման բջջի» ղեկավար Քրիստիան Տենի հետ։
Ավելի քան մեկ ամիս տեւած բողոքի ցույցերից հետո Նոր Կալեդոնիայի ֆրանսիամետ քաղաքական գործիչները հայտարարեցին, որ տեղական ձեռնարկությունների մեկ երրորդը ոչնչացվել է, եւ նամակ ուղարկեցին Մակրոնին՝ խնդրելով իր վերահսկողության տակ պահել կղզին: