ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները աշխատում են, որ բավարարեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ներկայացրած «Հաղթանակի ծրագրում» առաջադրված մի քանի խնդրանքներ: Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Բրյուսելում կայացած հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Մենք անդրադարձել ենք մի շարք խնդրանքների, որոնք ներկայացված են «Հաթանակի ծրագրում», եւ այսօր դրանք քննարկել ենք մեր դաշնակիցների ու գործընկերների հետ։ Ուկրաինային մեր աջակցությունը սկսվել է 2022 թվականին եւ շարունակվում է մինչ օրս, մենք հարմարվում ենք Ուկրաինայի կարիքների փոփոխություններին, ռազմադաշտում տիրող իրավիճակին, Ռուսաստանի գործողություններին եւ առաջնագծի փոփոխությանը»,- ասել է Բլինքենը եւ վստահություն հայտնել, որ «կշարունակենք հարմարվել եւ հարմարեցնել մեր օգնությունը՝ համապատասխան իրավիճակի փոփոխության»։
Վերջին շրջանում Ուկրաինայի նախագահը առավել հաճախ է սկսել արեւմտյան դաշնակիցներին կոչ անել թույլատրել մատակարարված հեռահար հրթիռներով հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքերում տեղակայված թիրախներին՝ պնդելով, որ դա «Հաղթանակի ծրագրի» մի մասն է։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին Գերագույն ռադայում Զելենսկին ներկայացրեց իր հինգ կետից բաղկացած «Հաղթանակի ծրագիրը», որը ներառում է նաեւ այնպիսի առաջարկներ, ինչպիսիք են Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելը, Ուկրաինայի զինված ուժերի ուժեղացումը եւ Ռուսաստանի «ոչ միջուկային զսպումը»։