Հայաստանի քաղաքացին իր զավակին հրաժարեցնում է Հայաստանի քաղաքացիությունից, որպեսզի զինված ուժերում չծառայի։ Այս մասին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է ԱԺ նիստում՝ 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման շրջանակում:
Պապիկյանը նշեց, որ զորակոչը շարունակում է մնալ պետության առջեւ ծառացած մարտահրավերներից մեկը, որի մասին պետք է բարձրաձայն խոսել։
«Մի երեւույթ կա, երբ Հայաստանի քաղաքացին իր զավակին հրաժարեցնում է Հայաստանի քաղաքացիությունից, որպեսզի վերջինս զինված ուժերում չծառայի։ Կարծում եմ, այս հանգամանքից ելնելով, պետք է որոշակի լյուստրացիայի ենթարկենք մեր շրջապատին ու առաջին հերթին նմանատիպ պրոցես սկսենք պետական կառավարման համակարգում»,- նշել է պաշտպանության նախարարը եւ հավելել, որ այդ հարցով դիմել է նաեւ Հայաստանի վարչապետին։
Ընդգծելով, որ նման դեպքերի ցավալի ցուցանիշեր են արձանագրվել, Պապիկյանը նշել է, որ անհրաժեշտ է «այս բավականին վատ տենդենցի դեմն առնել»։
«Այս երեւույթը նոր չէ, չգիտեմ՝ քանի տարվա պատմություն ու խորք ունի, բայց սա մի երեւույթ է, որի դեմ պետք է պայքարել»,- ասել է պաշտպանության նախարարը։