Հայաստանը եւ Ադրբեջանը խաղաղ գոյակցության համար ունեն ոչ միայն խաղաղության ու այլ պայմանագրերի, այլեւ ռազմավարական գործարք կնքելու կարիք։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 24-ին Կազանում կայացած BRICS միջպետական տնտեսական ասոցիացիայի գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը։
«BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելը համարում եմ շատ կարեւոր, քանի որ նման միջոցառումների շրջանակներում շփումների շրջանակը շատ ավելի լայն է։ Բայց ուզում եմ գոհունակությունս արտահայտել Ադրբեջանի նախագահի հետ իմ եւ ընդլայնված կազմով շփումների վերաբերյալ։ Կարող է տարօրինակ հնչել, բայց նման երկար խոսակցություն կամ վաղուց, կամ էլ ընդհանրապես չենք ունենցել։ Ընդ որում զգում էինք, գոնե ես զգում էի, որ մի փոքր էլ կոռեկտության խնդիր կա, որովհետեւ մյուս առաջնորդները ելույթ էին ուենենում, մենք այդ ընթացքում մտքեր էինք փոխանակում, բայց շատ կարեւոր զրույց տեղի ունեցավ։ Իմ կարծիքով ամենակարեւոր հատվածն այն էր, որ միտք է հնչել, որ իմ կարծիքով, Հայաստանը եւ Ադրբեջանը խաղաղ գոյակցության համար ունեն ոչ միայն խաղաղության պայմանագրի եւ տարբեր պայմանագրերի կարիք, այլ նաեւ ունեն ռազմավարական գործարք կնքելու կարիք՝ այն մասին, թե ինչ բանաձեւերի շրջանակներում ենք մենք առաջիկա հարյուրամյակներում որպես անկախ պետություններ կողք կողքի ապրելու»,- նշել է Հայաստանի վարչապետը։
Փաշինյանը նաեւ հավելել է, որ ունի որոշակի պատկերացումներ ռազմավարական այդ գործարքի վերաբերյալ՝ նշելով, որ այն հենվելու է «իրական Հայաստանի հայեցակարգի վրա»։
Հայաստանի վարչապետի խոսքերով՝ Ադրբեջանի նախագահի Կազանում կայացած քննարկման մյուս կարեւոր թեման վերաբերել է կոմունիկացիաների երկկողմանի ընդունելի տարբերակներով բացմանը, որը խաղաղության պայմանագրի մյուս երկու հոդվածների շուրջ Երեւանի առաջարկների հետ ուղարկվել է Բաքվին։
«Կազանում տեղի ունեցած հաջորդ կարեւոր իրադարձությունն այն էր, որ մենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում կարող ենք ունենալ լուծում, որն ըստ էության կարող է հասցեագրել եւ փոխադարձ ու լիարժեքորեն լինել ընդունելի։ Մենք այս առաջարկը արդեն գրավոր ձեւով ներկայացրել ենք Ադրբեջանին, խաղաղության պայմանագրի մնացած երկու հոդվածների վերաբերյալ մեր առաջարկները երկուշաբթի օրը փոխանցել ենք Ադրբեջանին»,- ասել է վարչապետը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Հայաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ստացել է ադրբեջանական կողմի պատասխան առաջարկները։
Դեռեւս օգոստոսի 31-ին մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երեւանը օգոստոսի 30-ին խաղաղության պայամանագրի շուրջ նոր առաջարկ է ներկայացրել Բաքվին՝ ընդգծելով, որ հայկական կողմը առաջարկում է ամբողջացնել արդեն համաձայնեցված կետերը եւ ստորագրել պայմանագիրը, իսկ չհամաձայնեցված հատվածների քննարկումները թողնել հետագային։
Ադրբեջանական կողմն էլ բազմիցս է տարբեր մակարդակներով կատարված հայտարարություններում նշել, որ Հայաստանն իր ուղարկած վերջին առաջարկներին պատասխանել է շուրջ 70 օր անց, ինչը Բաքվին ստիպում է թերահավատորեն մոտենալ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված Երեւանի քայլերի անկեղծությանը։ Բացի այդ՝ Ադրբեջանը նախագահ Իլհամ Ալիեւի մակարդակով նաեւ հստակեցրել է, որ կստորագրի միայն պայմանագրի ամբողջականորեն համաձայնեցված տեքստը։