Սպիտակ տան Օվալաձեւ սրահում ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը ընդունել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին։ Հանդիպումը կայացել է իշխանության փոխանցման ավանդական արարողության շրջանակում։
Բայդենը ողջունել է Թրամփին եւ նշել, որ հունվարին ակնկալում է իշխանության «սահուն անցում»։ Գործող նախագահը հավելել է, որ իր հետնորդի համար հարմարավետ միջավայր կապահովի, երբ նա վերադառնա Սպիտակ տուն։
«Բարի գալուստ, բարի վերադարձ»,- հանդիպման սկզբում Թրամփին ասել է Բայդենը:
«Քաղաքականությունը կոշտ գործ է, եւ շատ դեպքերում այն հաճելի աշխարհ չէ, բայց այսօր այն հիանալի աշխարհ է, եւ ես իսկապես գնահատում եմ այն»,- պատասխանել է Թրամփը:
Թրամփի թիմը, որն արդեն հայտարարել է նոր վարչակազմում որոշ պաշտոնների համար մի քանի առաջադրված թեկնածուների մասին, դեռ պետք է համաձայնագրեր ստորագրի գրասենյակային տարածքների եւ կառավարական սարքավորումների, ինչպես նաեւ պետական կառույցների եւ տեղեկատվության հասանելիության վերաբերյալ, Voice of America-ի փոխանցմամբ՝ հայտնել է Սպիտակ տունը:
Երկուշաբթի լրագրողների հետ զրույցում Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան Պիեռը, մեկնաբանելով հանդիպման մասին տեղեկությունները, հայտարարել էր․ «Նա (Բայդենը) հետեւում է նորմերին, հարգում է մեր (ժողովրդավարական) ինստիտուտները, հետեւում է իշխանության խաղաղ փոխանցման (սկզբունքին)։ Սա այն է, ինչ նորմ է: Սա այն է, ինչ պետք է տեղի ունենա»։
Այսպիսով՝ Թրամփը նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելուց հետո առաջին անգամ վերադարձավ Սպիտակ տուն։