Օրերս՝ Կառավարության նիստի ժամանակ, ՀՀ վարչապետը հայտարարեց, որ էլեկտրական մեքենաների անմաքս ներկրման արտոնությունները վերաբերելու են միայն 1-2 տարեկան ավտոմեքենաներին։ Անմիջապես հանրային վրդովմունք ձեւավորվեց ու ծավալվեց Ֆեյսբուք սոցցանցի օգտատերերի շրջանում, առ այն, որ այդպիսի որոշումները չպետք է մեկ անձի կամայականության, նրա «աչքաչափով» հարկային քաղաքականության հետեւանք դառնան։ Կանխատեսելի ու հաշվետու կառավարման իմաստը քաղաքացիներին փաստի առաջ չկանգնեցնելն ու նրանց պլանավորման հնարավորություն տալն է՝ այս դեպքում էլեկտրական մեքենաների անմաքս ներկրման արտոնության տեսքով, ոչ թե մեկ վայրկյանում նոր կարգավորում ու խաղի կանոններ որոշելով։
Հաջորդիվ՝ արդեն ԱԺ-ում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ, մի քանի իշխանական պատգամավոր բարձրաձայնեցին այդ հարցը, եւ, օ՜, հրաշք, վարչապետ Փաշինյանը, բարի թագավորի դերում, հայտարարեց, որ, պարզվում է, պետական կառավարման մարմինները սխալ են կոմունիկացրել հարցը։ Այսինքն՝ հասկանալ, որ ինքը՝ բարի թագավորը, տեղյակ չի եղել, չար բոյարներն են մեղավոր։ Ապա բարի ու անտեղյակ ցարի ամպլուայում հայտնեց ավետյաց որոշումը, որ իր թագավորական կամոք այդ արտոնությունը կպահպանեն մինչեւ 2025 թվականի սեպտեմբերի 1-ը։
Եվ հավելեց, որ պետք են ինստիտուցիոնալ, պետականակերտ որոշումներ, ոչ թե այսպիսի պատահական լուծումներ։ Ստացվեց հաղթանակ ոչ մի տեղից. Դոն Կիխոտը հաղթեց սեփական հողմաղացներին, իր իսկ ստեղծած խնդիրը չեղարկեց, իսկ բարեպաշտ քաղաքացիներն էլ կարող են հանգիստ շունչ քաշել՝ ազատվելով վերահաս ֆինանսական պարտավորություններից։ Իսկապես, հրաշալի միջադեպ. իշխանությունը լսում է հանրության բողոքը, ընդունում է այն եւ կատարում դրա պահանջը։
Բայց այս ամենը ոչ թե բարի հեքիաթ է, այլ պետություն ու իրավունք, եւ մեր մտքերն ու վերլուծություններն էլ այդ դաշտում պետք է լինեն։ Եթե իշխանությունը այլասերում է, ապա բացարձակ իշխանությունը այլասերում է բացարձակ, ասում է հայտնի առածը։ Երբ պետության կառավարումը, որոշումներն ու տարբեր գերատեսչությունների կարգավորումները կախված են մեկ անձի կամայականություններից, դա բացարձակ իշխանության այլասերման լավագույն օրինակն է։ Իսկ եթե այդ մեկ անձը մի օր սպորտի մասնագետ է, մեկ այլ օր՝ հեծանվային ակտիվիստ, հաջորդ օրը՝ անասնաբուծության ու այգեգործության փորձագետ, երեկոյան ժամերին՝ տաղասաց ու աստվածաբան, եւ այսպես շարունակ, ապա որոշումներն էլ կարող են ոլորտային լինել։
Բայց դառնանք բացարձակ իշխանության այլասերման հարցին։ Մեկ այլ օրինակում լրատվականները ուշադրություն էին դարձրել այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանի՝ Հակակոռուպցիոն կոմիտե այցի ժամանակ խախտվել էր ՀՀ օրենքը պետական օրհներգի վերաբերյալ։ Մասնավորապես, այցի ժամանակ հնչել էր օրհներգը, եւ օրհներգի առաջին քառատողից հետո երգչախումբն անցում էր կատարել չորրորդ քառատողին, դրանից հետո էլ՝ երկրորդ քառատողին և ավարտել երրորդով՝ փոխարինելով «Բայց երանի, որ յուր ազգի Ազատության կզոհվի» վերջատողը «Թող միշտ պանծա Հայաստան»-ի տարբերակով։ Ինչ խոսք, «Իրական Հայատանին» հարիր վեհացնող վերջապահ. ինչու զոհվել, եթե կարող է պանծա, վստահ եմ, շատերը համաձայն կլինեն վարչապետի այս նորարարությանն ու մատուցմանը։
«ՀՀ օրհներգի մասին» օրենքում նշված է․ «Հայաստանի Հանրապետության օրհներգը պետք է կատարվի սույն օրենքի հավելվածով հաստատված երաժշտական խմբագրությամբ և տեքստի համապատասխանությամբ»։ Ինչպես գիտեք, տեքստի համապատասխանությունը քառատողերի ու տեքստի դիրքի փոխոխություն կամ վերադասավորում չի ենթադրում, բայց քանի որ բացարձակ իշխանություն կրողը օրենքից դուրս է, եւ այդ օրենքը միայն հասարակ մահկանացուների համար է, ապա որոշվել է, որ կամայականորեն ՀՀ օրենքի խախտմամբ այն կկատարվի ըստ վարչապետի հայեցողության ու կամակորության։
Այսինքն՝ չեն սպասել օրենքի փոփոխության, չեն սպասել ԱԺ քննարկումներին, անտեսել են օրենքն ու դրա կատարումը եւ պարզապես պետական արարողակարգի ժամանակ օրենք խախտել։ Կարելի է կարծել, որ հետայսու «Իրական Հայաստան»-ում իրերի դրությունը ոչ թե օրենքն ու իրավունքն են որոշելու, այլ բարի թագավորի մղումները, պատկերացումներն ու ինքնահայումները։ Բարի թագավոր, որ ցանկանում է ՝ Հայաստանը պանծա, ոչ թե ազատության զոհվի, համաձայնեք, ազնիվ մղում է, սիմվոլիկ քայլով իրադրություն փոխելու ազնիվ մղում կասեին շատերը։
Տարիներ առաջ գերմանական հեղինակավոր «Deutsche welle»-ն գրել էր, որ Թուրքմենստանում ավտոմեքենաները պետք է բաց գույների լինեն՝ կամ ներկրվեն արդեն բաց գույնի ավտոմեքենաներ, կամ արդեն եղածների գույնը փոխվի։ իսկ պատճառն այն էր, որ երկրի բազմամյա դիկտատոր Բերդիմուհամեդովը սեփական քմահաճությունը պարտադրել էր մի ամբողջ երկրի բնակչության։
Սիրում էր բաց գույներ եւ ստիպում, որ բաց գույնի մեքենա ներկրվի, նույնիսկ բաց գույնի գորգերի արտադրությունն էր վերահսկվում ու տուգանվում, եթե գույները մուգ լինեին։ Նա առաջնորդվում էր «բանավոր իրավունքով», այն է՝ բացարձակ իշխանության կրողի կամայականությամբ, երբ օրենքներ պետք չեն, իրավունքը չի գործում, կա թագավորի որոշում, եւ այդ որոշումն օրենք է՝ պարտադիր կատարման ենթակա։
Մինչ այդ էլ Թուրքմենստանի հիմնադիր դիկտատոր «Թուրքմենբաշին» Սապարմուրատ Նիյազովը իր կառավարման տարիներին հրամայել էր փոխել ամսանուններն ու շաբաթվա օրերի անունները, այդպես հունվարը դարձել էր «Սապարմուրատ»։ Ինչ խոսք, վախենալու է, բայց ահասարսուռը ոչ թե դիկտատորի խենթություններն են, այլ այդ խենթություններին հանրային դիմադրության բացակայությունը։ Երբ մարդիկ ակամայից մտածում են ոչ թե աննորմալի հաղթահարման, այլ իրավիճակին հարմարվելու եւ ադապտանալու մասին։
Քավ լիցի, Հայաստանը դեռ Թուրքմենստան չէ, ոչ էլ Նիկոլ Փաշինյանն է Բերդիմուհամեդով կամ Նիյազով, բայց հարցը ո՛չ մասշտաբն է, ո՛չ էլ կամայականությունների քանակը կամ դրանց որակը։ Խնդիրը սկզբունքն է, օրենքի ու իրավունքի գերակայությունը, օրենքի ընդունման ու որոշումների կայացման ընթացակարգերը, համակարգերի հաշվետվողականությունը, պետական ինստիտուտների անկախությունն ու իշխանության բալանսավորումը։
Եթե մտածում եք, թե դիկտատուրաները մեկ օրում կամ միանգամից են կառուցվում, ապա պետք է հիասթափեցնեմ ձեզ, դա այդպես չէ։ Թե՛ իշխանության կենտրոնացումը, թե՛ այլասերումը փուլային գործընթաց են, ինչպես փուլային գործընթաց են դիմադրությունն ու հերոսությունն անհատի համար։ Մեկ օրում դիկտատորներ չեն ծնվում, նրանք գալիս են դրան քայլ առ քայլ, դիմադրության չհանդիպելով եւ փուլ առ փուլ վերածելով սահմանափակ իշխանությունը անսահման կամայականության։
Եվ ամենեւին կարեւոր չէ՝ դա կլինի ի բարօրություն թե ընդդեմ սեփական ժողովրդի։ Որովհետեւ կամայականությունն ու բացարձակ իշխանությունն ինքնին են վտանգավոր՝ իրենց էությամբ լինելով անվերահսկելի ու անկառավարելի։ Որովհետեւ չգիտես, թե վաղը այդ նույն բարի թագավորի կամ չար դիկտատորի մտքով ինչ կանցնի, իսկ որոշումները կյանքի կոչելու գործիքներն ու նախադեպերը արդեն կան։
Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։