Փարիզի դատախազությունը դատարանից խնդրել է «Ազգային միություն» կուսակցության եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենին դատապարտել հինգ տարվա ազատազրկման, որից երեքը՝ պայմանական, եւ 300 հազար եվրո տուգանք նշանակել Եվրախորհրդարանի միջոցների ոչ պատշաճ հետաքննության գործով։
Բացի այդ՝ մեղադրող կողմը պահանջել է՝ քաղաքական գործչին հինգ տարով զրկել պետական մարմիններում ընտրվելու իրավունքից։ Լը Պենից բացի՝ գործում ներգրավված են նաեւ «Ազգային միության» 20 անդամներ։ Դատախազությունը նրանց համար եւս ազատազրկում է պահանջել։
Եթե դատարանը մեղադրական դատավճիռ կայացնի, Լը Պենը չի կարողանա իր թեկնածությունն առաջադրել ընտրություններին մասնակցելու համար։
Քաղաքական գործիչը, մեկնաբանելով դատախազության պահանջները, հայտարարել է, որ մեղադրող կողմը փորձում է ոչնչացնել կուսակցությունը եւ «թույլ չտալ ֆրանսիացի ժողովրդին քվեարկել նրանց օգտին, ում ցանկանում է»։
Լը Պենի եւ նրա համախոհների գործով դատական լսումները Փարիզում սկսվել են սեպտեմբերին։ Հետաքննության տվյալներով՝ մեղադրյալները Եվրախորհրդարանում կեղծ օգնականների են վարձել՝ «Ազգային միության» օգտին գումար հափշտակելու համար։
Մարին Լը Պենը ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է 2027 թվականին առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում։