ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին Սպիտակ տանը գործող նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ընթացքում քննարկել է «երկու հարց, որոնց շուրջ նրանք նախկինում տարակարծիք էին»՝ պատերազմը Ուկրաինայում եւ պատերազմը Մերձավոր Արեւելքում։ Այս մասին գրում է New York Post-ը՝ հղում կատարելով Թրամփի խոսքին։
Թրամփը զրույցից մանրամասներ չի հայտնել։ Նա միայն նշել է, որ Բայդենից կարծիք է խնդրել Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ եւ ստացել է այն։ «Բացի այդ՝ մենք շատ ենք խոսել Մերձավոր Արեւելքի մասին։ Ես ուզում էի ստանալ նրա կարծիքը, թե ուր ենք հասել։ Եվ նա ասաց ինձ դա, նա շատ սիրալիր էր»,- հավելել է Թրամփը:
Նորընտիր նախագահի խոսքով՝ հանդիպումը երկար է տեւել, եւ այն «երկու կողմից կատարված մեծ աշխատանք էր»։ «Նա [Ջո Բայդենը] շատ լավ աշխատանք է կատարել քարոզարշավի եւ մնացած ամեն ինչի հետ կապված: Մենք իսկապես շատ լավ հանդիպում ունեցանք»,- ասել է Թրամփը։
Հիշեցնենք, որ Բայդենը եւ Թրամփը հանդիպել էին նախօրեին Օվալաձեւ աշխատասենյակում։ Գործող նախագահը շնորհավորել էր Թրամփին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ եւ նրա հետ քննարկել իշխանության անցման հարցը՝ խոստանալով, որ այն «սահուն» ընթացք կունենա։
Թրամփի երդմնակալության արարողությունը նախատեսված է 2025 թվականի հունվարի 20-ին։ Միեւնույն ժամանակ, նորընտիր նախագահն արդեն սկսել է ձեւավորել իր ապագա վարչակազմը եւ հայտարարել է առանցքային պաշտոններում մի քանի նշանակումների մասին: