Բրազիլիայի քաղաքացին իրեն պայթեցրել է երկրի մայրաքաղաքի Երեք իշխանությունների հրապարակում գտնվող Գերագույն դատարանի շենքի մուտքի մոտ։ Այս մասին հայտնում են Reuters-ը, CNN-ը, Globo-ն եւ Metropoles-ը։
Հաղորդվում է, որ տեղական ժամանակով 19:30-ի սահմաններում տեղի է ունեցել երկու պայթյուն՝ մոտ 20 վայրկյան ընդմիջումով։ Առաջինը տեղի է ունեցել շենքի հարեւանությամբ գտնվող ավտոկայանատեղիում։ Սրան հաջորդել է Գերագույն դատարանի շենք ներթափանցելու մի տղամարդու անհաջող փորձը, որին հաջորդել է երկրորդ պայթյունը, ասել է դաշնային շրջանի փոխնահանգապետ Սելինա Լեաոն։ Ըստ փոխնահանգապետի՝ պայթյունի հետեւանքով այլ տուժածներ չկան։
Հրապարակում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, տեղակայված են Բրազիլիայի իշխանության բոլոր երեք ճյուղերը՝ գործադիր, օրենսդիր եւ դատական: Սենատում, ինչպես գրում է Globo-ն, պայթյունի պահին ընթանում էր լիագումար նիստ, որը դադարեցվել է։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մահացած տղամարդը Ֆրանցիսկո Վանդեռլի Լուիսն է: Metropoles-ը հայտնում է, որ նա 59 տարեկան էր եւ 2020 թվականին Ռիո դու Սուլ քաղաքի Ազատական կուսակցությունից քաղաքային խորհրդի թեկնածու է եղել։
Մինչ Գերագույն դատարան գալը, ըստ թերթի, Լուիսը սոցցանցերում տեղադրել է WhatsApp-ով իր կողմից իրեն ուղարկված հաղորդագրությունների նկարները, որոնցում մանրամասնել է ռմբակոծության ծրագիրը եւ զգուշացրել ոստիկանությանը, որ 72 ժամ ունեն։
Հաղորդվում է, որ ավտոկայանատեղիում գտնվող մեքենան, որտեղ տեղի է ունեցել առաջին պայթյունը, նույնպես գրանցված է եղել Լուիսի անունով: Ենթադրվում է, որ պայթյուններն անհատը իրականացրել է միայնակ, եւ խմբավորման կողմից ծրագրված ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող։
Պայթյունները Բրազիլիայում տեղի են ունեցել Ռիո դե Ժանեյրոյում նոյեմբերի 18-19-ը սպասվող G-20-ի գագաթնաժողովից հինգ օր առաջ։