Ֆրանսիայի շրջակա միջավայրի նախարար Ագնես Պանիե-Ռունաշերը չի մասնակցի Ադրբեջանում ընթացող Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի շրջանակային կոնվեցիայի համաժողովին՝ COP29-ին։ Նրա խոսքերով՝ Բաքու մեկնելուց հրաժարվելու պատճառը նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի անընդունելի հայտարարություններն էին Ֆրանսիայի վերաբերյալ:
«COP29-ի բացման ժամանակ նախագահ Ալիեւի՝ Ֆրանսիայի եւ Եվրոպայի դեմ հնչեցրած մեկնաբանություններն անընդունելի են։ Մեր երկրի, նրա ինստիտուտների եւ տարածքների դեմ ուղղակի հարձակումները անհիմն են։ Ադրբեջանը կլիմայի փոփոխության դեմ պայքարը օգտագործում է անձնական անազնիվ օրակարգի առաջմղման համար։ Այդ հարձակումները համարվում են Միավորված ազգերի կազմակերպության կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի վարքագծի կանոնանակարգի կոպտագույն խախտում։ Դրանք անպատասխան չեն մնա»,- հայտարարել է նախարար Պանիե-Ռունաշերը։
Նա նաեւ նշել է, որ Բաքու չուղեւորվելու մասին համաձայնությունը ձեռք է բերել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ վարչապետ Միշել Բարնիեի հետ քննարկումներից հետո։
Հիշեցնենք, որ նախօրեին Ալիեւը Ֆրանսիային մեղադրել էր Երկիր մոլորակի էկոհամակարգին մեծ վնաս հասցնելու համար՝ որպես պատճառ ներկայացնելով նախորդ դարի կեսերին Ֆրանսիայի անդրծովյան տարածք համարվող Պոլինեզիայում եւ այդ ժամանակ դեռ Փարիզին ենթակա Ալժիրում միջուկային փորձարկումները։
Ադրբեջանի նախագահը Ֆրանսիային նաեւ մեղադրել էր անդրծովյան տարածքներում մարդու իրավունքների խախտումների համար եւ որպես օրինակ ներկայացրել ընթացիկ տարվա մայիսին Նոր Կալեդոնիայում ցույցերի ժամանակ տեղի ունեցած բախումները։
Հիշեցնենք, որ ի պատասխան Հայաստանի հետ սերտ ռազմատեխնիկական համագործակցության եւ միջպետական հարաբերությունների խորացման՝ վերջին տարիներին Ադրբեջանը փորձում է տարատեսակ հարթակներ ձեւավորել Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում, այդ թվում Նոր Կալեդոնիայում՝ այսպես կոչված «ապագաղութացման» պայքարը խթանելու եւ «նեոգաղութատիրության» դեմ պայքարելու համար։