Հայաստանի Անկախության հռչակագիրն այն մասին է, որ Հայաստանը չպետք է գոյություն ունենա։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով 2025 թվականի պետական բյուջեի օրենքի նախագծի եզրափակիչ քննարկմանը։
«Վերջին տարիներին ես տասնյակ անգամներ կարդացել եմ մեր Անկախության հռչակագիրը։ Եվ եկել եմ մի սարսափելի եզրակացության։ Այդ Անկախության հռչակագրի բովանդակությունն այն մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող գոյություն ունենալ։ Եվ սա մեր ամենամեծ խնդիրն ու ողբերգությունն է։ Եվ հիմա այն հարցը, թե ով է իրական Հայաստանը, եւ որն է իրական Հայաստանը, հետեւյալն է․ իրական Հայաստանի քաղաքացին նա է, ով էստեղից դուրս հայրենիք ու պետություն չի ունենա»,-նշել է վարչապետ Փաշինյանը՝ ցուցադրելով Հայաստանի պլաստմասե քարտեզը։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս է հայտարարել, որ Հայաստանի հետ խաղաղության բանակցությունների համար հիմնական խոչընդոտն է ՀՀ Սահմանադրությունը, որը, Բաքվի բնութագրմամբ, հղում է պարունակում Անկախության հռչակագրին, որտեղ էլ ամրագրված է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միավորումը։
Նշենք նաեւ, որ նախօրեին ԱԺ-ում վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով խաղաղության բանակցությունների մասին Բաքվի նշյալ հայտարարություններին, ընդգծել էր, որ Հայաստանի Սահմանադրությունը տարածքային որեւէ պահանջ չի պարունակում Ադրբեջանի նկատմամբ՝ հայտարարելով, որ նման պահանջ իրականում առկա է հենց Ադրբեջանի Սահմանադրության մեջ։ Փաշինյանի խոսքերով՝ Երեւանն այդ հանգամանքը բանակցային գործընթաց չի տեղափոխում նախ այն պատճառով, որ դա կարող է խոչընդոտել հենց բանակցային գործընթացը, եւ, երկրորդ, քանի որ խաղաղության պայմանագրում ամրագրված է, որ այն գերակա է լինելու երկու երկրների ներքին օրենսդրության նկատմամբ։