Ուկրաինական OSINT DeepState նախագիծը, որը կապված է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետ, նոյեմբերի 13-ի երեկոյան հայտնել է, որ մի քանի ռուս զինվորականներ զրահամեքենաներով մտել են Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքի ծայրամասեր։
Նախագծի համաձայն՝ ռուսական տեխնիկայի երկու շարասյուն նոյեմբերի 13-ի կեսօրին Լիման Պերվիի շրջակայքից շարժվել են Կուպյանսկի ուղղությամբ։ Առաջին շարասյունը, որը հարձակումը զարգացրել էր մութ ժամերին, ներառել էր երկու МТ-ЛБ մարտական մեքենա, հետեւակի մեկ մարտական մեքենա եւ մեկ տանկ։
Ըստ DeepState-ի՝ ուկրաինացի զինվորականները խոցել են МТ-ЛБ զրահապատ տրակտոր, իսկ երկրորդ զրահամեքենան «ազատ հասել է Սվատովսկայա փողոցի շրջան»՝ Կուպյանսկ-Ուզլովայա կայարանի մոտ։ Հայտնի է նաեւ, որ զրահամեքենայից դուրս են եկել մոտ 15 ռուս զինվորականներ եւ սկսել կենտրոնանալ քաղաքի բնակելի շենքերում։ Որոշ ժամանակ անց ուկրաինացի զինվորականները նույն փողոցում խոցել են ռուսական տանկը։ DeepState-ը նաեւ նշում է, որ դեսանտային ուժերի մի մասը սպանվել է։
Նախագիխը Telegram-ում հրապարակել է ռուսական բանակի կողմից ճեղքման տեսանյութը։ «Сливочный каприз» նախագիծն էլ նշում է, որ դատելով տեսանյութից՝ ռուսական զորքերը կարողացել են հասնել Կուպյանսկի արեւելյան ծայրամասում գտնվող արդյունաբերական գոտի՝ մինչեւ չորս կիլոմետր տարածություն։
Դատելով DeepState-ի հրապարակած քարտեզից՝ նոյեմբերի 13-ի առավոտյան ռուս զինվորականները Կուպյանսկից ավելի քան երեքուկես կիլոմետր հեռավորության վրա էին։
Դեռ 2022 թվականի ձմռանը ռուսական 1-ին տանկային բանակը Օսկոլ գետի երկայնքով հյուսիսից Կուպյանսկի ուղղությամբ անհաջող հարձակում էր ձեռնարկել՝ այդ ընթացքում մի քանի կիլոմետր առաջ անցնելով եւ գրավելով միայն Լիման Պերվի եւ Սինկովկա գյուղերը։
Կուպյանսկը ռուսական վերահսկողության տակ էր անցել Ուկրաինա ռուսական զորքերի լայնամասշտաբ ներխուժման առաջին իսկ օրերից։ Քաղաքը Ուկրաինայի զինված ուժերի կողմից ազատագրվել էր 2022 թվականի սեպտեմբերին Խարկովի մարզում իրականացված հաջող հակահարձակման ժամանակ։