Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տնօրեն Ռաֆայել Գրոսսին այսօր՝ նոյեմբերի 14-ին, Թեհրանում հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։
Հանդիպումից հետո Արաղչին լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Գրոսսիին տեղեկացրել է, որ «Իրանի Իսլամական Հանրապետությունը բաց է միջուկային բանակցությունների եւ համագործակցության համար՝ նախկին պայմանավորվածություններին համապատասխան, սակայն այդ համագործակցության չափը կախված կլինի մյուս կողմերի լրջությունից»։
Իրանի արտգործնախարար Արաղչին 2015 թվականին որպես գլխավոր բանագնաց ակտիվ դերակատարում է ունեցել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Չինաստանի եւ Գերմանիայի հետ միջուկային համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններում, որի արդյունքում հաջողվել էր ստորագրել «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը» (JCPOA)։
«Որպես Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի հավատարիմ անդամ՝ մենք շարունակում ենք մեր լիարժեք համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ։ Տարաձայնությունները կարող են լուծվել համագործակցության եւ երկխոսության միջոցով։ Պայմանավորվել ենք գործել համարձակորեն եւ բարի կամքով»,- հանդիպումից հետո X-ի էջում գրել է Արաղչին։
«Իրանը երբեք չի լքել իր խաղաղ միջուկային ծրագրին վերաբերող բանակցությունների սեղանը։ Գնդակը ԵՄ-ի դաշտում է։ Մենք ցանկանում ենք բանակցել՝ ելնելով մեր ազգային շահերից եւ մեր անքակտելի իրավունքներից, բայց պատրաստ չենք բանակցելու ճնշման եւ ահաբեկման ներքո»,- հավելել է Արաղչիի գրառման մեջ:
Գրոսսին նաեւ հանդիպում էր ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Հանդիպման ընթացքում Իրանի նախագահը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է ցրելու իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթի վերաբերյալ բոլոր կասկածները՝ համագործակցելով ԱԷՄԳ-ի հետ։
ԱԷՄԳ-ի տնօրենն էլ X-ի էջում գրել էր, որ հանդիպումը Փեզեշքիանի հետ Իրան իր այցի անբաժան մասն է կազմել, որը հնարավորություն էր ամենաբարձր մակարդակով շփվելու նոր կառավարության հետ, լսելու նրա տեսակետները եւ բացատրելու իր մոտեցումները՝ նպատակ ունենալով առաջընթաց գրանցելու միջազգային օրակարգի ամենադժվար հարցերից մեկում։