Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին երեկ կրեց հերթական պարտությունը, այս անգամ` 53 հազար բնակչություն ունեցող Ֆարերյան կղզիների հավաքականից: 53 հազարը ընդգծում ենք ոչ թե նրա համար, որ ցույց տանք, թե ինչքան ամոթալի է պարտվելը կղզեբնակներին, այլ հիշեցնելու, որ հետեւողական, նպատակասլաց աշխատանքը տալիս է իր արդյունքները:
Ֆարերյան կղզիների հաղթանակը պատահական չէր: Շաբաթներ առաջ երկու հավաքականների միջեւ առաջին հանդիպումը ավարտվել էր ոչ-ոքի, Հայաստանի ընտրանին միայն ավելացված ժամանակի վերջին րոպեին էր կարողացել կորզել ոչ-ոքին: Տարիներ առաջ Ֆարերների երիտասարդական թիմերը երկու անգամ հաղթել են Հայաստանի իրենց հասակակիցներին: Ազգային այս հավաքականը վերջին 10-15 տարիներին հաղթել կամ ոչ-ոքի է խաղացել աշխարհի ֆուտբոլային շատ հավաքականների հետ: Սրանով, կրկին, ոչ թե ուզում ենք արդարացնել երեկվա մեր սպասելի եւ տրամաբանական պարտությունը, հակառակը, ուզում ենք ցույց տալ, որ աշխատելու դեպքում հաջողությունը գալիս է:
Այսօր հայկական ֆուտբոլը խոր ճգնաժամի եւ պառակտման մեջ է: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ու փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հրաժարական չեն տալու, քանի որ նրանք այդ դիրքին հասել են Հայաստանի վարչապետի եւ նրա թիմի հովանավորությամբ:
Արմեն Նիկողոսյանը երկար տարիներ եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» օրաթերթի մարզական մեկնաբանը, իսկ Արմեն Մելիքբեկյանին եւ Նիկոլ Փաշինյանին միավորում է նաեւ տեղական հայրենասիրությունը՝ Իջեւանի շրջանից լինելու իրողությունը:
Հայկական ֆուտբոլի առողջացման համար, նախ եւ առաջ, իշխանությունները չպետք է միջամտեն: Իշխանությունների, ավելի ճիշտ՝ պետության միակ միջամտությունը պետք է լինի ակումբներին ֆինանսապես եւ ենթակառուցվածքներով օգնելը: Քանի դեռ պետությունը ներդրում չի անում, մենք հաջողության չենք հասնելու: Խոսքը պետության՝ ակումբներին ուղղակի օգնության մասին է, ինչպես անում է Վրաստանը: Պետության կողմից ՀՖՖ-ին ֆինանսապես աջակցելը, ինչպես եղել է վերջերս, տրամաբանական չէ: Պետք է օգնել ակումբային ֆուտբոլին: Եթե որեւէ ակումբ փաստաթղթավորված ցույց է տալիս, որ տարվա ընթացքում ծախսել է, օրինակ, մեկ միլիոն դրամ, պետությունը այդ ակումբին հատկացնում է մեկ միլիոն դրամ: Հայկական բիզնեսը միայնակ չի դիմանալու ֆուտբոլում առկա աստղաբաշխական թվերին:
Այսպիսով՝ հայկական ֆուտբոլի առողջացման ճանապարհի առաջին եւ հիմնական քայլը կարող է լինել պետության ֆինանսական աջակցությունը ակումբներին եւ չմիջամտությունը ՀՖՖ ընտրություններին:
Երկրորդ՝ անհրաժեշտ է ՀՖՖ-ում փոխել ընտրակարգը: Դեկտեմբերի կեսերին կայանալիք ՀՖՖ հերթական ժողովում պատրաստվում եմ առաջարկելու ընտրությունների, այսպես ձեւակերպեմ, հնգաստիճան համակարգը: ՀՖՖ անդամ յուրաքանչյուր ակումբ պետք է ունենա ոչ թե մեկ քվե, այլ ավելին՝ կախված նրանից, թե ինչքանով է այդ ակումբի ներգրավումը հայկական ֆուտբոլում:
Իմ առաջարկի էությունը հետեւյալն է: Եթե ՀՖՖ անդամ ակումբը միայն խաղում է ՀՀ մանկապատանեկան առաջնություններում, ապա, անկախ ունեցած թիմերի քանակից, ունենում է մեկ քվե: Երկու քվե ունենում են այն ակումբները, որոնք խաղում են նաեւ Առաջին լիգայում: Բարձրագույն լիգայի թիմերը, եթե ունենում են նաեւ դուստր թիմ Առաջին լիգայում, ապա քվեարկությունների ժամանակ ունենում են երեք ձայն: Եթե ակումբը ներկայացված է նաեւ աղջիկների ֆուտբոլով, ապա նա ունենում է չորս քվե: Վերջապես, եթե ակումբը ունենում է նաև ֆուտզալ, ապա քվեն հասնում է հինգի:
Եթե ՀՖՖ ընտրակարգում չարվեն փոփոխություններ, ապա ՀՖՖ օրվա ղեկավարությունը միշտ ունենալու է վերընտրվելու բացահայտ առավելություն՝ անկախ նրանից, թե ինչ արդյունքներ են ցույց տալիս ՀՀ ազգային եւ պատանեկան հավաքականները:
Սկզբունքորեն անընդունելի կլինի, եթե Նիկոլ Փաշինյանն ու թիմը որոշեն, որ իրենց իշխանությանը սպառնում է ֆան շարժումների փողոցային ալիքը ու, դրանով պատճառաբանված, ՀՖՖ-ից հեռացնեն Արմեն Մելիքբեկյանին եւ Արմեն Նիկողոսյանին՝ նրանց փոխարինելով նոր յուրայիններով:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։