Նոյեմբերի 25-ին կլրանա Հայաստանի Հանրապետության եւ Սաուդյան Արաբիայի Թագավորության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մեկամյակը: 2023 թվականի այդ օրը Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպան Կարեն Գրիգորյանը եւ Սաուդյան Արաբիայի դեսպան Սուլթան բին Աբդալլահ Ալ-Անկարին ստորագրեցին երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունը:
Հայաստանի ԱԳ նախարարության փոխանցմամբ՝ «երկու երկրները հաստատել են դիվանագիտական հարաբերություններ՝ առաջնորդվելով երկկողմ հարաբերություններն ամրապնդելու եւ համագործակցության շրջանակն ընդլայնելու, միջազգային անվտանգության եւ խաղաղության ապահովմանն աջակցելու ձգտումով»:
Սրանով Երեւանը ոչ միայն երկկողմ հարաբերությունները զարգացնելու հնարավորություն ստացավ, այլ նաեւ կարողացավ արաբական եւ իսլամական աշխարհում ձեռք բերել նոր՝ առավել ազդեցիկ պոտենցիալ գործընկեր:
Այստեղ երկու կարեւոր հարց է առաջանում․ առաջինն այն է, թե ինչու 30 տարվա ընթացքում Հայաստանն ու Սաուդյան Արաբիան չէին հաստատում դիվանագիտական հարաբերություններ, եւ երկրորդ՝ ինչպիսին էր միջպետական հարաբերությունների հաստատման այն ուղին, որն անցան երկու երկրները:
Սաուդյան Արաբիայի նախապայմանները
Սկսենք այնտեղից, որ Հայաստանի հետ ավելի քան 30 տարիների ընթացքում դիվանագիտական հարաբերություն չհաստատելը Ալ-Ռիադը հաճախ բացատրել է Արցախյան հակամարտության գործոնով:
Թագավոր Ֆեյսալի անվան հետազոտությունների եւ իսլամական գիտությունների կենտրոնի 2020 թվականին հրապարակած հատուկ տեղեկագրում (հեղինակ՝ Մուհամմադ Ալրմիզան) նշվում է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո՝ 1992 թվականին, Սաուդյան Արաբիան սկսել էր հարաբերություններ հաստատել Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի որոշ երկրների հետ:
Փետրվարին այն ժամանակվա արտգործնախարար արքայազն Սաուդ Ալ-Ֆեյսալը այցեր էր կատարել Ուզբեկստան, Թուրքմենստան, Տաջիկստան եւ Ադրբեջան, որով փաստացի ճանապարհ էր հարթվել նախկին խորհրդային հանրապետությունների ճանաչման եւ նրանց հետ պաշտոնական հարաբերությունների հաստատման համար։ Ալ-Ֆեյսալի այցելած երկրների ցանկում Հայաստանը չներառելու հանգամանքը տեղեկագրում ուղղակիորեն կապվում է Արցախյան հակամարտության վերաբերյալ Սաուդյան Արաբիայի դիրքորոշման հետ. այն է՝ «աջակցել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի իրավունքներին»:
«Սաուդյան Արաբիան իր տարածաշրջանային եւ գլոբալ ծանրակշիռ արժեքով եւ իսլամական կողմնորոշում ունեցող դիրքորոշմամբ ձգտում էր աջակցելու Ադրբեջանի իրավունքներին Լեռնային Ղարաբաղի հարցի նկատմամբ՝ միեւնույն ժամանակ պահպանելով դիվանագիտությունը հակամարտության բոլոր կողմերի հետ: Բացի այդ՝ Ադրբեջանը եւ Թուրքիան անդամակցում են Իսլամական համագործակցության կազմակերպությանը (ԻՀԿ)՝ միջազգային մի կառույց, որն իր միջազգային հանդիպումների եւ մամուլի հաղորդագրությունների միջոցով աջակցություն է ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի իրավունքին»,- ներկայացվում է տեղեկագրում:
Դրանում նաեւ ավելացվում է, որ Հայաստանը, որպես Ադրբեջանին եւ Թուրքիային հակազդելու միջոց, մեծապես աջակցություն է ստացել Սաուդյան Արաբիայի գաղափարական եւ տարածաշրջանային հակառակորդ Իրանի Իսլամական Հանրապետության կողմից:
«Այսպիսով՝ Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքականությունը, թվում էր, ձեռնպահ է մնում Հայաստանի հետ քաղաքական հարաբերություններ զարգացնելուց՝ ԻՀԿ-ի անդամների շրջանում իր տարածաշրջանային առաջնորդության որոշակի նկատառումներով, ինչպես նաեւ Իրանի հետ Հայաստանի ջերմ ու սերտ հարաբերություններով պայմանավորված»,- ասվում է սաուդյան հետազոտական կենտրոնի հատուկ տեղեկագրում:
Արցախյան հակամարտությունը դիտարկելով զուտ Ադրբեջանի տարածքային ամբողջականության տեսանկյունից եւ հաճախ դիրքավորվելով որպես «իսլամական հողերի օկուպացիային» դեմ արտահայտվող առաջատար մուսուլմանական երկիր՝ Սաուդյան Արաբիան իր աջակցությունն էր ցույց տվել 1993 թվականի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի թիվ 822, 853, 874 եւ 884 բանաձեւերի ընդունմանը, որոնցով դատապարտվում էր նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքից դուրս հայկական ուժերի իրականացրած գործողությունները՝ դրանք ներկայացնելով որպես «ադրբեջանական տարածքների օկուպացիա»:
Նույն կերպ Ալ-Ռիադը աջակցել էր նաեւ 2008 թվականի մարտի 14-ին Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարների Սենեգալում կայացած գագաթնաժողովի արդյունքում ընդունված թիվ 10/11 բանաձեւին եւ 2010 թվականին Տաջիկստանում անցկացված նույն կառույցի ԱԳ նախարարների համաժողովի ժամանակ ընդունված թիվ 10/37 բանաձեւին: Երկու փաստաթղթերում էլ, հղում կատարելով ՄԱԿ-ի 1993 թվականի չորս բանաձեւերին, քննադատության էին ենթարկվում «Հայաստանի ագրեսիան Ադրբեջանի դեմ» եւ «Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացիան»:
Ընդգծենք նաեւ, որ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու դիմաց որպես նախապայման Սաուդյան Արաբիայի առաջ քաշած դիրքորոշումները՝ կապված Արցախյան հակամարտության լուծման հետ, պարբերաբար բարձրաձայնվել եւ ընդգծվել են Բաքվում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարության կողմից:
Օրինակ՝ 2009 թվականին Սաուդյան Արաբիայի նորանշանակ դեսպան Ֆահդ բեն Ալի ալ-Դուսերին Ադրբեջանի այն ժամանակվա արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ վերջինիս հավաստիացրել էր, որ Թագավորությունը «դիվանագիտական հարաբերություններ չի հաստատի Հայաստանի հետ, քանի դեռ չի վերականգնվել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ չեն ապահովվել նրա շահերը Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում»: Ավելին՝ դեսպանը նաեւ ընդգծել էր, որ Սաուդյան Արաբիան մեծ զգայունությամբ է վերաբերվում Ադրբեջանի խնդիրներին եւ միշտ պատրաստ է աջակցելու այդ խնդիրների լուծմանը:
Հարաբերությունների հաստատման ճանապարհին
Այնուամենայնիվ, Սաուդյան Արաբիայի դիրքորոշումներում սկսվեց որոշակի տեղաշարժ նկատվել դեռեւս 2018 թվականի սեպտեմբերի 21-ին, երբ միջպետական եւ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում թագավոր Աբդ Ալ-Ազիզ Ալ-Սաուդը եւ արքայազն Մուհամադ բին Սալմանը Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ էին հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին:
Նման գործոնի համար, մեծ հավանականությամբ, որպես հիմք ծառայել էին այդ ժամանակահատվածում տարածաշրջանում տեղի ունեցած աշխարհաքաղաքական մի քանի տեղաշարժեր։ Թուրքիան Սիրիայում, Կատարում, Սուդանում եւ Սոմալիում ռազմական ու տնտեսական ազդեցության ընդարձակման ակտիվ փորձերով սկսել էր հատել Սաուդյան Արաբիայի տարածաշրջանային քաղաքական շահերի գոտին, ինչը երկու երկրներին լուրջ հակասությունների առաջ էր կանգնեցրել։ Սա Ալ-Ռիադը սկսել էր դիտարկել որպես Կարմիր ծովում եւ Պարսից ծոցում վերահսկողություն հաստատելու, ինչպես նաեւ արաբական եւ մուսուլմանական աշխարհում թուրքական գերիշխանությունը վերականգնելու (որն ունեցել էր Օսմանյան կայսրության շրջանում) համար իրագործվող «նեոօսմանական էքսպանսիա»։
Մյուս կողմից՝ Թուրքիան վերսկսել էր նաեւ աջակցել քաղաքական իսլամի գաղափարներին հարող Եգիպտոսի «Մուսուլման եղբայրներ» կառույցին, որը նախ Սաուդյան Արաբիայի իշխանությունները (2014 թվականից), ապա նաեւ տեղի հեղինակավոր մուսուլման կրոնագետները (2020-ից) հայտարարել էին որպես «բռնություն եւ ահաբեկչություն տարածող կազմակերպություն» եւ արգելել երկրի տարածքում։
Սակայն Անկարայի եւ Ալ-Ռիադի միջեւ հարաբերությունները վերջնական հարվածի էին ենթարկվել, երբ 2019 թվականի սկզբին թուրքական կողմը հայտարարել էր, որ հստակ ապացույցներ ունի 2018-ի հոկտեմբերին Սաուդյան Արաբիայի Ստամբուլի հյուպատոսարանում սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետ իշխող վերնախավի ունեցած կապի մասին:
Սրան ի պատասխան՝ Սաուդյան Արաբիան նույն տարվա՝ 2019-ի ապրիլին հայտարարել էր, որ պատրաստակամ է ֆինանսապես աջակցելու Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելուն ուղղված ԱՄՆ Կոնգրեսի բանաձեւին:
Սենատոր Ադամ Շիֆի կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ նշվում էր, որ նման համաձայնություն ձեռք էր բերվել ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան արքայադուստր Ռիմա բինթ Բանդար Ալ-Սաուդի հետ ապրիլի 26-ին Վաշինգտոնում Թագավորության դեսպանատանը կազմակերպված երեկույթի ժամանակ:
«Սաուդյան Արաբիան նույնպես սաստիկ ճնշումների տակ էր Օսմանյան կայսրության ժամանակ, եւ օսմանյան ժամանակաշրջանում մեր պատմության մեջ ոչ մի հաճելի հիշողություն չի մնացել: Սաուդյան Արաբիայի կառավարության քաղաքականությունը միշտ կողմ է եղել եւ շարունակում է պնդել մարդու իրավունքների պաշտպանության կարեւորությունը։ Պատմական իրադարձությունների մասին հարցումը յուրաքանչյուր ժողովրդի իրավունքն է, եւ ոչ ոք չպետք է անհանգստանա, երբ ճշմարտությունը բացահայտվի: Թուրքիան Հայոց ցեղասպանության հիմնական մեղադրյալն է եւ չի կարող մտահոգություն հայտնել մարդու եւ քաղաքացիական իրավունքների պաշտպանության վերաբերյալ, քանի դեռ ճշմարտությունը չի բացահայտվել»,- ըստ սենատոր Շիֆի կայքի հաղորդագրության՝ զրույցի ժամանակ ընդգծել էր դեսպան, արքայադուստր Բանդար Ալ-Սաուդին:
Ընդգծենք նաեւ, որ այս իրադարձությանը ապրիլի 9-ին նախորդել էր Լիբանանում Սաուդյան Արաբիայի դեսպան Վալիդ Բուխարի՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն կատարած այցը եւ Արամ Ա կաթողիկոսի հետ հանդիպումը, որից հետո դեսպանը այցելել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ղեկավարների առաջին կապերն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը
Սակայն Սաուդյան Արաբիայի հետ միջպետական հարաբերություններ հաստատելու ճանապարհին սկսվել էր բեկում արձանագրվել միայն 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո: Սրա համար, իհարկե, արդեն որպես հիմնական պատճառ առաջին հերթին պատերազմի հետեւանքով Ադրբեջանի կողմից Արցախի շուրջ 80 %-ի վրա հաստատած վերահսկողությունն էր, ինչը փաստացի խնդրի ուժային լուծման տարբերակն էր, և երկրորդ՝ 2015 թվականից թագավոր դարձած Սալման բին Աբդ Ալ-Ազիզի եւ թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանի նախաձեռնած նոր պրագմատիկ տարածաշրջանային քաղաքականությունը:
Հայաստանի եւ Սաուդյան Արաբիայի ղեկավարների մակարդակով առաջին կապ կարելի է համարել հենց 44-օրյա պատերազմի ընթացքում՝ սեպտեմբերի 30-ին, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի կողմից թագավոր Աբդ Ալ-Ազիզ Ալ-Սաուդին եւ թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանին ուղղված հատուկ նամակների հղումը:
Ըստ նախագահականի հաղորդագրության՝ նամակում ՀՀ նախագահը Սաուդյան Արաբիայի թագավորին եւ թագաժառանգին խնդրել էր օգտագործել միջազգային հարթակներում ունեցած կապերն ու հեղինակությունը՝ րոպե առաջ Արցախում արյունահեղությունն ու մարդկային տառապանքները դադարեցնելու համար:
Սրան հաջորդել էր արդեն 2021 թվականի հոկտեմբերի 26-ին նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Ալ-Ռիադ կատարած պաշտոնական այցը, որը երկու երկրների հարաբերությունների պատմության մեջ առաջին բարձր մակարդակով այցելությունն էր:
Այցի ընթացքում նախագահ Սարգսյանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի հետ ներկա էր եղել «Ապագա ներդրումային նախաձեռնություն» (Future investment initiative) 5-րդ համաժողովի բացման արարողությանը եւ աշխատանքներին։
Հայաստանի նախագահականի հաղորդմամբ՝ կողմերը հանդիպման ընթացքում զրուցել էին երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության շուրջ: Նաեւ ընդգծվել էր, որ երկու ժողովուրդների միջեւ պատմական հարուստ առնչությունները լավ հիմք են ապագային միտված միջպետական հարաբերություններ կառուցելու համար:
Սրան հաջորդած մյուս կարեւոր քայլը արդեն եղավ 2023-ի նոյեմբերի 25-ին Աբու-Դաբիում երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության ստորագրումը։ Սակայն Թագավորության դեսպան Սալման Աբդ Ալ-Ռահման Ալ Ալ-Շեյխը (նստավայրը՝ Թբիլիսի) հավատարմագրերի պատճենը ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանին հանձնեց ընթացիկ տարվա մայիսի 25-ին, իսկ Հայաստանի դեսպան Կարեն Գրիգորյանը՝ Սաուդյան Արաբիայի ԱԳ արարողակարգի ծառայության պետ Աբդուլմաջիդ Ալ-Սեմարիին հոկտեմբերի 2-ին (նստավայրը՝ Աբու Դաբի):
Նշենք նաեւ, որ վերջին բարձր մակարդակի այցը Սաուդյան Արաբիա տեղի ունեցավ 2024 թվականի ապրիլին, երբ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը այցելեց Ալ-Ռիադ եւ մի շարք հանդիպումներ անցկացրեց, այդ թվում արտգործնախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանի հետ։ Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ այդ հանդիպմանը քննարկվել էր հիմնականում առեւտրատնտեսական, զբոսաշրջության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներին, ինչպես նաեւ «մշակութային արժեքների պաշտպանության հարցերում համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր»։ Բացի այդ՝ կողմերն ընդգծել էին նաեւ պարբերական ուղիղ չվերթերի կարեւորությունը, որոնք կարող են նպաստել մարդկանց միջեւ շփումների եւ գործարար կապերի խթանմանը։
Այսպիսով, թե ինչ կարող են տալ Հայաստան-Սաուդյան Արաբիա հաստատվող նոր հարաբերությունները երկու պետություններին ու ժողովուրդներին, կախված է դրան ուղղված երկրների կառավարությունների մոտեցումից եւ ապագայում գործադրվող դիվանագիտական ջանքերի ծավալներից։ Սակայն փաստ է մնում այն հանգամանքը, որ այսպիսով Հայաստանը հնարավորություն է ստացել հարաբերություններ կառուցելու այնպիսի մի երկրի հետ, որը զգալի ազդեցություն ունի իսլամական աշխարհում, Մերձավոր Արեւելքում եւ Պարսից ծոցի միապետությունների շրջանում։ Սա հնարավորություն է ընձեռում հենց այս տարածաշրջանային հավանական գործընկերոջ միջոցով արաբական եւ իսլամական երկրներին միավորող միջազգային հարթակներ հասցնելու մեզ հուզող բազմաթիվ հարցեր, ինչու ոչ, նաեւ անվտանգային թեմաներին առնչվող։
Մասնագիտությամբ միջազգայանագետ եմ։ Ձգտում եմ մարդկանց ապահովել տեղեկատվությամբ՝ նպատակ ունենալով թեկուզ չնչին ներդրում կատարել անցյալից ու ներկայից տեղեկացված հասարակություն կերտելու գործում։ Հետաքրքրությանս ոլորտներն են կրոնները, հատկապես իսլամը՝ իր շիա ուղղությամբ, պատմությունն ու պատերազմի մասին ժողովուրդների ընկալումները։