Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով Հայաստանի՝ Ադրբեջանին փոխանցած առաջարկները բխում են «Խաղաղության խաչմերուկ» նախագծի սկզբունքներից եւ հայեցակարգից, որը Հայաստանի կառավարությունը ներկայացրել է վերջին տարիներին։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ հայտնում է «Արմենպրեսը»։
«Չեմ կարող մանրամասնել, բայց ընդհանուր առմամբ այդ առաջարկների ոգին բխում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծից եւ այն պատկերացումներից, որ Հայաստանի կառավարությունը ներկայացրել է վերջին տարիներին։ Առաջարկների հիմքում այդ նույն սկզբունքներն են։ Այսինքն՝ ինքնիշխանությունը եւ իրավազորությունը»,- ասաց Խանդանյանը:
Նա նաեւ նշեց, որ Կազանում կայացած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման ժամանակ քննարկվել են որոշակի մանրամասներ, որից ենթադրվում է, որ կարող են լինել փոխընդունելի լուծումներ։
«Երբ արձագանքը ստանանք, հնարավոր է՝ դրանք ավելի նյութական դառնան»,- հավելել է Խանդանյանը։
Պատասխանելով հարցին, թե արդյոք ապաշրջափակման հարցը ներառված է խաղաղության պայմանագրի նախագծում, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ ապաշրջափակման հատվածը խաղաղության պայմանագրից առանձնացվել է։