Վրաստանից անկախության ձգտող եւ մասամբ ճանաչված Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիում՝ խորհրդարանի շենքի մոտ, բախումներ են տեղի ունեցել իրավապահների եւ Ռուսաստանի ու Աբխազիայի միջեւ ներդրումային համաձայնագրի վավերացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցների միջեւ։ Այս մասին հայտնում են «Respubliсa»-ն եւ «Эхо Кавказа»-ն։
Հաղորդվում է, որ նոյեմբերի 15-ի առավոտյան հարյուրավոր ցուցարարներ բողոքի ակցիաներ էին սկսել Աբխազիայի խորհրդարանի շենքի մոտ, երբ պատգամավորները պատրաստվում էին քննարկելու Սուխումիի եւ Մոսկվայի միջեւ նշյալ ներդրումային համաձայնագրի նախագիծը։
Ընդդիմության առաջնորդներից Ադգուր Արձինբան հայտարարել է, որ մի խումբ պատգամավորներ խորհրդարանի խոսնակից պահանջել են համաձայնագրի նախագիծը հանել օրակարգից։ Նա նաեւ կոչ է արել հանրապետության իշխանություններին «հետաձգել բոլոր հրատապ խնդիրները, որոնք պառակտում են ժողովրդին» մինչեւ 2025 թվականին կայանալիք նախագահական ընտրությունները։
«Եթե իշխանությունները չհամաձայնեն դրան, ապա առաջիկա օրերին հնարավոր հետեւանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիայի եւ նրա շրջապատի վրա»,- հայտարարել է Արձինբան։
Արդյունքում խորհրդարանը չհաստատեց օրակարգը, եւ նոյեմբերի 15-ի նիստը չեղարկվել է։ Սակայն ցուցարարները շարունակել են բողոքի ակցիաները եւ պատգամավորներից պահանջել նիստ գումարել եւ դեմ քվեարկել համաձայնագրի նախագծի հաստատմանը։
Որոշ ժամանակ անց խորհրդարանի մոտ բախումներ ու ծեծկռտուք սկսվեց ցուցարարների եւ ոստիկանների միջեւ, որոնք հետ քաշվեցին դեպի շենք։ Ցուցարարները կոտրել են նաեւ շենքի մոտ տեղակայված ցանկապատը եւ ներթափանցել խորհրդարնի տարածք։ Հաղորդվում է, որ խորհրդարանի տարածքում կրակոցներ են հնչել, սակայն տուժածներ չկան։ Անվտանգության ուժերը փորձել են նաեւ հրշեջ ծառայության մեքենայով փակել մուտքը դեպի խորհրդարանի տարածք։
Ինչպես հայտնում է Respublica-ն, նախագահ Ասլան Բժանիայի անձնական անվտանգության ղեկավարը դուրս է եկել ցուցարարների մոտ եւ նրանց խոստացել փոխանցել ցուցարարների պահանջները։ Ցուցարարների հետ բանակցելու փորձ են արել նաեւ Պետական անվտանգության ծառայության ղեկավար Դմիտրի Կուչուբերիան եւ ներքին գործերի նախարար Ռոբերտ Կյուտը։ Դրանից հետո ցուցարարները շրջափակել են կառավարական շենքերի համալիրը, այդ թվում՝ հանրապետության նախագահի վարչակազմի շենքը։
Respublica-ն պնդում է, որ ակցիային մի քանի հազար մարդ է մասնակցում։
Հոկտեմբերին Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը եւ Աբխազիայի փոխվարչապետ Քրիստինա Օզգանը ստորագրեցին համաձայնագիր, որը թույլ է տալիս ռուսական ընկերություններին ներդրումային ծրագրեր իրականացնել հանրապետությունում։
Աբխազիայի իշխանությունները կարծում են, որ համաձայնագիրը կօգնի տեղական տնտեսությանը, մինչդեռ ընդդիմությունը համաձայնագիրը համարում է հանրապետության «շահերի ուղղակի հանձնում»։