1989 թվականը Կենտրոնական Եվրոպայում աննախադեպ ոգեւորության տարի էր. պետություններն ու ժողովուրդները նոր ազատություն էին ձեռք բերել, բացվել էին նոր հնարավորություններ: Նախկինում Ռուսաստանից «ներմուծված» տոտալիտար կոմունիստական պատյանով կաշկանդված ամբողջ տարածաշրջանը ներքաշվեց հեղափոխական փոփոխությունների հորձանուտի մեջ։
1989 թվականին բրիտանացի պատմաբան Թիմոթի Գարթոն Էշը համառոտ ներկայացրեց Կենտրոնական Եվրոպայում կոմունիզմի անկումը՝ ասելով, որ այն արմատախիլ անելու համար Լեհաստանից պահանջվեց ինը տարի, Հունգարիայից՝ ինը ամիս, Արեւելյան Գերմանիայից՝ ինը շաբաթ, իսկ իմ Չեխոսլովակիայում կպահանջվի ինը օր։
Իրականում Լեհաստանում եւ Հունգարիայում 1989 թվականի կեսերին արդեն անցկացվել էին առաջին մասամբ ազատ ընտրությունները, իսկ Գերմանիայում հոկտեմբերին ընկավ Բեռլինի պատը։ Մեր Չեխոսլովակիայում նոյեմբերի 17-ին հազարավոր ուսանողներ եւ երիտասարդներ դուրս եկան փողոցներ՝ ի հիշատակ իրենց նախորդների, որոնք 1939 թվականին նման կերպով բողոքել էին մեկ այլ տոտալիտար համակարգի՝ Չեխոսլովակիայի նացիստական օկուպացիայի դեմ։
Ժողովրդավարության, ազատության եւ մարդու իրավունքների համար նրանց խաղաղ ցույցերի բռնի եւ դաժան ցրումը սկիզբ դրեց թավշյա հեղափոխության, որը մի քանի օրվա ընթացքում Չեխոսլովակիայում նույնպես կոմունիստական ռեժիմի անկման պատճառ դարձավ։
Սառը պատերազմն ավարտվեց, սկսվեցին 1990-ականները։ Իմ սերնդի համար ոսկե դար էր՝ աշխարհով մեկ ճանապարհորդելու կամ Արեւմուտքում ուսանելու նախկինում աներեւակայելի հնարավորություններով: Մենք նոր դարաշրջանի էյֆորիայի մեջ էինք։ Երգում էինք գերմանական «Scorpions» խմբի «Wind of Change» մեգա հիթը, մեզ հիացրեց Ֆրենսիս Ֆուկույամայի «Պատմության ավարտը և վերջին մարդը» գիրքը։ Հարյուրհազարավոր օկուպացիոն խորհրդային զինվորներ հեռացվեցին Կենտրոնական Եվրոպայից առանց որևէ կրակոցի։ 1991 թվականին փլուզվեց վախ առաջացնող, ատելի, «ամենազոր» եւ «հավերժական» Խորհրդային Միությունը։
Մեզ թվում էր, որ վերջապես հասել է խաղաղության, բարեկեցության եւ ժողովրդավարության ժամանակաշրջանը, որն այդպես էլ շարունակվելու է։ Մենք կարծում էինք, որ լիբերալ ժողովրդավարության եւ տարբեր տոտալիտարիզմների ու ավտորիտարիմի գլոբալ բախումն ավարտվեց առաջինի լիակատար հաղթանակով։
Բայց մենք գաղափար անգամ չունեինք, թե որքան էինք սխալվում։ Այն, ինչ մեզ համար Կենտրոնական Եվրոպայում բաղձալի ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատության եւ «Եվրոպային վերադառնալու» կոչի իրականացումն էր, Ռուսաստանում ընկալվում էր որպես նվաստացում եւ պարտություն։ Մեր արեւելքում դարանակալել էր չարիքի դեւը, որը ստիպված էր նահանջել եւ մեր տարածաշրջանի վրա իր վերահսկողության եւ ազդեցության կորստի մեջ տեսնում էր «20-րդ դարի ամենամեծ աշխարհաքաղաքական աղետը»։ Մենք չէինք գիտակցում, որ Ռուսաստանը ձգտում էր վրեժխնդրության եւ իր կայսերական կարգավիճակի վերականգնման։
Մենք չէինք գիտակցում, որ մեր «վերադարձը դեպի Եվրոպա»՝ Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին անդամակցությունը, հնարավոր էր դարձել ոչ միայն որպես ազատ ազգեր մեր արմատներին վերադառնալու մեր ցանկության ու ջանքերի շնորհիվ, այլեւ ռուսական կայսրության ժամանակավոր տնտեսական թուլության պատճառով։ Մենք՝ չեխերս, լեհերը, սլովակները, էստոնացիները, լիտվացիները, հունգարացիները եւ բուլղարները, կարողացանք օգտվել այս բացառիկ պատուհանից։ Բայց մենք չհասկացանք, որ մեր արեւելքում կան նաեւ այլ ժողովուրդներ, որոնք նույնպես ցանկանում էին պատկանել «մեր» Եվրոպային։ Ցավոք, այս ժողովուրդները դժբախտաբար աշխարհագրորեն շատ մոտ էին ռուսական պետությանը, ավելի երկար ժամանակ էին գտնվել նրա ազդեցության տակ կամ էլ իրենց կոռումպացված էլիտաների պատճառով շարունակում էին կախված մնալ կայսերական Ռուսաստանից։
1989 թվականի նոյեմբերի 17-ից հետո ես երբեմն մտածում էի՝ ինչպիսին էր այլախոհ լինելը կոմունիզմի ժամանակաշրջանում։ Երբեմն մի քիչ ափսոսում էի, որ իմ սերնդի առջեւ այլեւս չեն լինի այնպիսի մարտահրավերներ, ինչպիսիք կային 20-րդ դարի 70-80-ականներին։ Սակայն այսօր Արեւելյան Եվրոպայում ընթացող զարգացումներն ինձ ապշեցրին եւ ազատեցին նաեւ այս պատրանքից։ Ընդհակառակը, իմ սերունդն այսօր կանգնած է գրեթե գոյաբանական մարտահրավերի առջեւ՝ պաշտպանելու մեր ժողովրդավար աշխարհը վրեժխնդիր Ռուսաստանից, որն էլ ավելի մեծ տնտեսական ուժ է հավաքել շնորհիվ այն բանի, որ մենք շարունակել ենք նրանից նավթ եւ գազ գնել։
Ուկրաինայում իմ ընկերները եւ ծանոթները, հասակակիցներն ու նրանց որդիներն այսօր ստիպված են պայքարել 1989 թվականին ունեցած մեր նույն արժեքների համար, բայց արդեն զենքը ձեռքներին։ Ուկրաինական հասարակությունը հազարավոր մարդկային կորուստների եւ ամբողջական քաղաքների ու շրջանների ավերման կերպով վճարում է այն բանի «գինը», ինչը մենք Կենտրոնական Եվրոպայում 1989 թվականից ի վեր համարում ենք բնական եւ առօրյա՝ ժողովրդավարություն, ազատություն, ինքնորոշման իրավունք։
Տարածաշրջանի մյուս երկրները, ինչպես Մոլդովան կամ Վրաստանը, որոնք նույնպես ցանկանում են դուրս գալ ռուսական կայսերական ազդեցությունից, առայժմ դիմագրավում են նրանց բաց թողնելու ցանկություն չունեցող Ռուսաստանի կողմից իրականացվող հիբրիդային հարձակումներին։
Այդ իսկ պատճառով այսօր ես ընկալում եմ մեր նոյեմբերի 17-ի պատգամը որպես պայքար ագրեսիվ տոտալիտարիզմի կամ կայսերական մտածելակերպի դեմ, դեռեւս անավարտ պայքար հանուն ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ ազատության։ Մեր օրերում այս պայքարն ընթանում է մեզնից հարաբերականորեն հեռու, բայց սա նաեւ մեր պայքարն է, քանի որ այն ընթանում է հանուն մեր ընդհանուր արժեքների։ Այս պատճառով էլ շարունակում է պահպանվել նախկինում որդեգրած մեր կարգախոսը՝ «հանուն մեր եւ ձեր ազատության»։
Դեյվիդ Ստուլիկ
Չեխիայի ԱԳՆ Արեւելյան գործընկերության հատուկ բանագնաց