Հայաստանի ուժային կառույցների եւ մի շարք այլ գերատեսչություննեի ղեկավարների պաշտոնանկության մասին շրջանառվող տեղեկությունների ֆոնին քիչ առաջ իր հրաժարականի մասին է հայտնել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը։
«Ուզում եմ առաջ ընկնել պաշտոնանկությունների շրջանառվող շարքից: Այլեւս հրաժարվում եմ Բարձրագույն դատական խորհրդի թե´ նախագահությունից եւ թե´ անդամությունից: Առերեւույթ ամեն ինչ պարզ է, իսկ խորքային պատճառները չեմ ուզում ասել: Ինչ էլ ասեմ, հազար ու մի ձեւ են մեկնաբանելու եւ շատ կեղծ վարկածներ են առաջ քաշելու: Նման փորձ արդեն ունեցել եմ:
Դրա փոխարեն թույլ տվեք անհամեստորեն ասել, որ դատական համակարգը դուրս եմ բերել խայտառակ ճգնաժամից: Ներսի մարդիկ դա հաստատ գիտեն ու երեւի կընդունեն (բացառությամբ մի քանիսի ու նրանց մերձավորների, որոնց ցավեցրել եմ հանուն համակարգի վիրահատական բուժման)»,- գրել է Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում։
Բարձրագույն դատական խորհրդի արդեն նախկին նախագահի խոսքերով՝ իր պաշտոնավարման տարիներին ինստիտուցիոնալ հիմքեր են դրվել, որոնց արդյունքները հասանելի կլինեն մեկ երկու տարուց։
Անդրեասյանի խոսքերով՝ դատական համակարգում ներկայիս բոլոր անհաջողությունները միջնաժամկետ են, քանի որ, իր բնութագրմամբ, «այսօրեական հանրային արդարացի պահանջները երկու տարում հնարավոր չէր բավարարել, իսկ անարդար սպասելիքները չենք էլ ուզել բավարարել»:
«Մեր ճգնաժամային կառավարմանը սատարելու եւ, իհարկե, այս շատ ծանր, բայց կարեւոր պաշտոնն ինձ վստահելու համար շնորհակալ եմ օրենսդիր ու գործադիր թեւերին` Վարչապետի գլխավորությամբ, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի նախկին ու ներկա անդամներին»,- գրել է Անդրեասյանը:
Նա նաեւ հավելել է, որ հեռանում է առանց սկանդալի՝ ընդգծելով, որ տարբեր կարգավիճակներում կշարունակի աջակցել արդար դատական համակարգ ունենալու երազանքի իրագործմանը։
Նշենք, որ նախօրեին մի շարք լրատվամիջոցներ հայտնեցին մի շարք պաշտոնանկությունների մասին։ Մասնավորապես հաղորդվում է, որ աշխատանքից ազատվել են կամ առաջիկայում պաշտոնները կլքեն ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Կառավարությունը դեռ չի արձագանքել այդ հրապարակումներին։