Աշխատանքից ազատման դիմում է գրել Հայաստանի ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ Այդ մասին գրում է «Արմենպրես»-ը՝ նշելով, որ տեղեկությունը հաղորդել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ավելի վաղ հրաժարական էին ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։
Նշենք, որ նախօրեին լրատվամիջոցները հայտնել էին մի շարք գերատեսչությունների ղեկավարների հավանական պաշտոնանկությունների մասին։
Այդ տեղեկությունները քիչ առաջ հաստատեց նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում՝ առանց հստակ անուններ տալու․ «Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով մամուլում եւ սոցիալական ցանցերում ի հայտ եկած զանգվածային քննարկումները, հարկ եմ համարում տեղեկացնել, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները»։