ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարական է ներկայացրել Արգիշտի Քյարամյանը։ Նրա հրաժարականի ուղերձը տարածել է Քննչական կոմիտեի պաշտոնական կայքէջը։
«Եկել է պահը հայտնելու ձեզ՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարվելու՝ իմ կայացրած որոշման մասին։ Այն բխում է վերջին շրջանում ընդհանուր իրավապահ համակարգի գործունեության շուրջ ստեղծված իրավիճակից ածանցվող ներքին վերագնահատումներից»,- ասվում է Քյարամյանի ուղերձում։
Արդեն նախկին պաշտոնյան շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Կառավարությանը՝ «Հայաստանի համար բարդ ու կարեւոր պատմական շրջափուլում այս պատասխանատու պաշտոնը» իրեն վստահելու համար։
«Ի պաշտոնե հնարավոր ամեն ինչ արվել է՝ մեր պետության ներքին կենսունակությունն ու օրինահենությունը, իրավական անվտանգությունն ապահովելու համար, որպես հայ մարդ ու ՀՀ քաղաքացի՝ դա համարել եմ հոգու պարտք ու առաքելություն»,-ասվում է Քյարամյանի ուղերձում։
Ավելի վաղ հրաժարական էին ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։
Նշենք, որ նախօրեին լրատվամիջոցները հայտնել էին մի շարք գերատեսչությունների ղեկավարների հավանական պաշտոնանկությունների մասին։
Այդ տեղեկությունները քիչ առաջ հաստատեց նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում՝ առանց հստակ անուններ տալու․ «Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով մամուլում եւ սոցիալական ցանցերում ի հայտ եկած զանգվածային քննարկումները, հարկ եմ համարում տեղեկացնել, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները»։