Միայն վերջին մեկ ամսվա լրահոսը թերթելով՝ կարելի է հանդիպել Հայաստանի կողմից վերցվող բազմաթիվ նոր պետական պարտքերի մասին տեղեկատվության: Հայաստանի պետական պարտքի թեման այս պահին տնտեսական ամենախնդրահարույց հարցերից է։ 2024 թվականի կեսին այն արդեն իսկ հատել էր 12 միլիարդ դոլարի սահմանագիծը, և նախատեսվում է, որ մինչև տարեվերջ կհասնի մինչև 12 միլիարդ 644 միլիոն դոլարի, եթե ոչ ավելի։
Ստեղծվել է մի իրավիճակ , երբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու՝ նորածնից մինչև ամենատարեցը, բաժին կհասնի 4100 դոլարից ավելի պարտք, քանի որ, ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանի մշտական բնակչության թիվը 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ 3 միլիոն 67 հազար 400 է, և եթե այս տարվա 12 միլիարդ 644 միլիոն դոլար պարտքը բաժանենք բնակչության թվաքանակի վրա, կստացվի այս թիվը։ Ընդ որում՝ պարտքը ամենևին էլ չի դանդաղում, և դեռ շարունակելու է աճել ու էլ ավելի մեծ բեռ դառնալ թե՛ մեր, թե՛, որ ավելի վատ է, ապագա սերունդների համար։
Եթե 2018 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը 6 միլիարդ 922․2 միլիոն դոլար էր, ապա 2023 թվականի դեկտեմբերի 31-ի պաշտոնական տվյալներով՝ արդեն 11 միլիարդ 845․4 միլիոն դոլար, իսկ այս տարի՝ արդեն 12․5 միլիարդից ավելի։ Գործող Կառավարությունը 5 տարում գրեթե կրկնապատկել է պետական պարտքը։ Յուրաքանչյուր տարի մի քիչ ավել-մի քիչ պակաս, բայց ընդհանուր առմամբ միջինում տարեկան 1,1 միլիարդ դոլարի նոր պարտքեր է վերցրել այս Կառավարությունը։ Իսկ եթե այս 5 տարիներին կուտակված նոր պարտքերը պատկերավոր ներկայացնելու համար բաժանենք օրերի վրա, կստացվի, որ 2019 թվականից մինչ օրս օրական 3 միլիոն ԱՄՆ դոլարից ավելի գումարով ավելացրել է ՀՀ պետական պարտքը և դեռ շարունակելու է ավելացնել։ Որովհետև ներգրավված պարտքերից զգալի մասն ուղղվել է պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը, և այնպես չէ, որ հաջորդ տարի պակասուրդ չի լինելու։
Ինչպես ԱԺ-ում հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը ներկայացնելու ժամանակ նշում էր ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, պետական բյուջեի դեֆիցիտը հաջորդ տարի կլինի 5,5 տոկոս կամ 609 մլրդ դրամ։ Այդ դեֆիցիտը ծածկելու համար Կառավարությունը նորից կգնա պարտքեր ներգրավելու ճանապարհով։ Նախարարը հենց այդպես էլ ասաց ԱԺ-ում. «Պլանավորում ենք ունենալ 600 միլիոն դոլարի բյուջետային աջակցության վարկ, 500 միլիոն դոլարի եվրոբոնդի թողարկում։ Այս ամբողջն ուղղված է լինելու ոչ միայն դեֆիցիտը ֆինանսավորելուն, այլ նաև նախորդ վարկերի մայր գումարների մարմանը»։
2019 թվականից սկսած՝ պետական պարտքի ամբողջ ծավալի մեջ էականորեն աճել է ներքին պարտքը: Եթե 2019 թվականին 7 միլիարդ 321․3 միլիոն դոլարից 1 միլիարդ 536․7 միլիոն դոլարն էր ներքին պարտքը, ապա 2023 թվականին 5 միլիարդ 343․9 միլիոն դոլարն էր ներքին պարտքը։ Փաստորեն, ներքին պարտքը սկսել է գերակշռել, ինչը թանկ հաճույք է։ Պարտքի տոկոսադրույքը նախկին 4-4,5 տոկոսից դարձել է 7,3 տոկոս։ Սպասվում է, որ մինչև տարեվերջ կհասնի 7,6 տոկոսի, ինչը շատ բարձր գին է։ Իսկ պարտքերի թանկանալուն նպաստել է ներքին պարտքերի տեսակարար կշռի ավելացումը, որոնք հակված են լինելու ավելի թանկ, քան արտաքին փոխառությունները։
Հաջորդ տարի պլանավորվող 500 միլիոն դոլարի եվրոբոնդերի թողարկումը ևս շուկայական վարկեր են և, որպես կանոն, միշտ ավելի բարձր տոկոսադրույք ու ավելի խիստ պայմաններ են ունենում, քան միջազգային կառույցների կողմից տրամադրվող վարկերն ու փոխառությունները։ Այսինքն, պարտքային բեռի ավելացումից բացի, Կառավարության որդեգրած վարքագիծը հանգեցնում է նաև այդ պարտքերի սպասարկման ծախսերի թանկացմանը։
«2025 թվականին Կառավարության պարտքի մարման և սպասարկման համար կպահանջվի 1,117.1 մլրդ դրամ, որից 723.0 մլրդ դրամը կկազմեն պարտքի գծով մարումները, իսկ 394.1 մլրդ դրամը՝ տոկոսավճարները»,- օրերս հաստատված հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում արձանագրել է Կառավարությունը։
Այսինքն՝ հաջորդ տարի միայն Կառավարության պարտքի տոկոսները փակելու համար կպահանջվի 49 միլիարդ դրամով ավելի շատ գումար, քան այս տարի։ Այսօրվա փոխարժեքով այն համարժեք կլինի ավելի քան 1 մլրդ դոլարի։ Պատկերացնելու համար ասենք, որ 2018 թվականի պետական բյուջեով պարտքի սպասարկման համար հատկացվել էր ընդամենը 140 մլրդ դրամ, իսկ հաջորդ՝ 2025 թվականին կհատկացվի 394 մլրդ դրամ։ Ասել է թե՝ պարտքի միայն տոկոսների վճարումը 2,8 անգամով ավելացել է։ Միայն 253 մլրդ դրամ անհրաժեշտ կլինի պետական գանձապետական պարտատոմսերի սպասարկման համար։ Համեմատության համար ասենք, որ 2018 թվականի պետական բյուջեում պետական գանձապետական պարտատոմսերի սպասարկման համար պահանջվում էր ընդամենը 62 մլրդ դրամ (այն ժամանակ սա ահռելի գումար էր թվում, և միայն ներկայիս ցուցանիշերի հետ համեմատած ենք օգտագործում «ընդամենը» բառը)։
Իհարկե, պարտքը խնդիր չէ, եթե ուղղվում է այնպիսի ծախսերի, որոնք հետագայում բելերու են մեծ օգուտներ, ավելացնելու են տնտեսության պոտենցիալը, ապագա տնտեսական աճերի համար կայուն հիմքեր են ստեղծելու։
«Պետական պարտքը կարող է ավելանալ և պակասել՝ տարբեր կարիքներից ելնելով։ Այստեղ հարցը, որ ձեզ պետք է հետաքրքրեր, ոչ թե պետական պարտքի բացարձակ մակարդակն է, այլ ընդհանրապես պետական բյուջեով նախատեսված ծախսերի արդյունավետությունը։ Եթե մեր եկամուտները և հնարավորությունները բավարար արագությամբ աճում են, պարտքի ավելացումը խնդիր չի»,- լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ֆինանսների նախարարը և շեշտեց, որ ներգրավվող միջոցներն ուղղվում են նաև Կառավարության կողմից իրականացվող կապիտալ և անվտանգային ծախսերին։ Ըստ հաջորդ տարվա բյուջեի էլ կապիտալ ծախսերը 2025 թվականին կլինեն մոտ 733 մլրդ դրամ: Բայց փաստ է նաև այն, որ բյուջեի ծախսային մասն էլ է թերակատարվում։ Եվ երբ տեսնում ենք, որ հինգ տարում պետական պարտքը կրկնապատկվում է, իսկ այդ ընթացքում ՀՆԱ-ի աճը, մեղմ ասած, համեստ է, սա արդեն տագնապի ազդանշան է։
Գեւորգ Ավչյան