Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը երկրի 2025 թվականի պետական բյուջեի մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի ռազմականացման քաղաքականությունն է Բաքվին ստիպել կրկնապատկել պաշտպանությանն ուղղված ծախսերը։
«Լայնածավալ ռազմականացման քաղաքականությունը, որը վարում է Հայաստանը, անհրաժեշտություն է դարձրել ավելացնել մեր երկրի պաշտպանության եւ անվտանգության ծախսերը եւ էլ ավելի բարձրացնել մեր պաշտպանունակությունը»,- նշել է Շարիֆովը Միլլի Մեջլիսում ունեցած ելույթի ժամանակ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Ադրբեջանի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ Հայաստանի «ռազմականացման քաղաքականությունից» եւ «ռեւանշիզմի դրսեւորումներից» բողոքել էր նախագահ Իլհամ Ալիեւը եւ կրկին նշել, որ հենց այդ պատճառներով է, որ Բաքուն պետք է կենտրոնանա պաշտպանության ոլորտի վրա։