Կրեմլը «ապրիորի անընդունելի» է համարում ռուս-ուկրաինական պատերազմի սառեցման հնարավոր տարբերակը, որը ցանկանում է առաջարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ռազմական բախումների գծի երկայնքով սառեցման ինչ-որ տարբերակ, իհարկե, ապրիորի անընդունելի է ռուսական կողմի համար։ Այս պարագայում նախագահ [Վլադիմիր] Պուտինի ձեւակերպած հունիսյան պայմանները լիովին պահպանում են իրենց արդիականությունը։ Սա այն է, ինչ պետք է անել, որպեսզի դադարեցվեն մարտերը»,- ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ Էրդողանի ծրագիրը չի քննարկվել Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի ղեկավարների միջեւ, եւ Կրեմլը դրա մասին գիտի միայն լրատվամիջոցների հրապարակումներից։
Bloomberg-ն ավելի վաղ հայտնել էր, որ Էրդողանը պատրաստվում է նոյեմբերի 18-ին Ռիո դե Ժանեյրոյում G20-ի գագաթնաժողովում հայտարարելու ռուս-ուկրաինական պատերազմը ներկա պայմաններում սառեցնելու իր ծրագրի մասին։ Մասնավորապես, Թուրքիայի նախագահի առաջարկը նախատեսում է Դոնբասի արեւելքում ապառազմականացված գոտու ստեղծում եւ այնտեղ միջազգային զորքերի տեղակայում։ Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա, «որպես զիջում Պուտինին», այն պետք է հետաձգի ՆԱՏՕ-ին անդամակցության քննարկումը առնվազն 10 տարով, գործակալությանը հայտնել են Էրդողանի ծրագրին ծանոթ աղբյուրները։
2024 թվականի հունիսին Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով ՌԴ ԱԳՆ-ում, առաջ քաշեց ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի իր պայմանները։ Նա Կիեւից պահանջել է ամբողջությամբ դուրս բերել զորքերը Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի եւ Զապորոժիեի շրջաններից, իսկ բռնազավթված տարածքները ճանաչել որպես ՌԴ շրջաններ։ Նաեւ Պուտինի խնդրանքով Ուկրաինան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին միանալու ծրագրերից, որին զուգահեռ պետք է հանվեն նաեւ Ռուսաստանի նկատմամբ արեւմտյան պատժամիջոցները: