Հայաստանում արդյունավե՞տ է գյուղատնտեսությամբ զբաղվելը: Ինչո՞ւ նույն հարցին հողօգտագործողների մի մասը վստահ պատասխանում է՝ այո, մյուս մասը թե՝ ստացած բերքն անգամ ինքնարժեքը չի ծածկում:
«Հող մշակելը չի կարող անարդյունավետ լինել, եթե ճիշտ ես մշակում»,- ասում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի դոցենտ, ագրոնոմ, փորձագետ Ռուդիկ Նազարյանը: Սխալ մշակման օրինակ է բերում. եթե մասնագետներն ասում են 1 հեկտար հողատարածքի համար 300 կգ սերմ է նախատեսված, պետք է հենց այդքան, ոչ թե ավանդաբար ընդունված չափով՝ 350 կամ 250 կգ ցանել:
Ըստ փորձագետի՝ բուսաբուծությունը հարաճուն, փոփոխվող խնդիրներ ունի: Եթե անգամ հողօգտագործողը հողմշակման մասնագիտական խորհրդով է շարժվում տարիներ շարունակ, դա դեռ երաշխիք չէ, որ մշտապես առատ բերք է ստանալու: Բնության, կլիմայի փոփոխության, նոր տեխնոլոգիաների զարգացման հետ նոր մոտեցումներ են մշակվում, նոր մարտահրավերներ հաղթահարվում: Գյուղատնտեսությունն էլ, ինչպես այլ ոլորտները, պետք է ժամանակի պահանջների հետ համաքայլ զարգանա:
Ռուդիկ Նազարյանը բազմիցս է տեսել, թե ինչպես է գյուղացին խախտում մշակության տեխնոլոգիան, ցանքսը կատարում անհայտ ծագման սերմով՝ առանց հողի մշակման ժամանակացույցը պահելու, հիվանդությունների, վնասատուների դեմ պայքարելու: «Լուրջ չեն վերաբերվում նոր կանոններին եւ ի վերջո հրաժարվում են գյուղատնտեությունից»:
Ագրոնոմը գյուղատնտեսության շահութաբեր չլինելու մեջ տեսնում է նաեւ պետության թերացումը: «Գյուղացին պետական աջակցություն չունի. եթե կա էլ, շատ քիչ է: Պարարտանյութ, դիզվառելիք, սերմեր, հիվանդությունների դեմ պայքար… այս ամենի հետ Կառավարությունը գյուղացուն թողել է մենակ, ասում է՝ կարող ես, մշակի՛ր, չես կարող, մեզնից բան չպահանջես»:
Գյուղատնտես Վարդան Ղազարյանը 1982 թվականից հող է մշակում: Ասում է՝ հին ֆերմեր եմ, բայց նորությունները հեշտ եմ ընդունում: Ավանդական գյուղատնտեսությունից լիարժեք հրաժարվել չի պատրաստվում, բայց նորին անցնելուն էլ դեմ չէ: Օրինակ է բերում. տասնամյակներ առաջ ձեռքի մաղով տան ցորենը մաղում, ցանում էին, ինչի պատճառով ցորենի մեջ հազար ու մի այլ սերմեր էին հավաքում, բերում տուն, նորից տանջվում, որ մաղեին, ցորենը այլ հատիկներից զատեին: Հիմա ձեռքով սերմացու չեն մաղում, սերտիֆիկացված սերմ են գնում, ստացած բերքն էլ անհամեմատելի որակով է: Իսկ եթե սերտիֆիկացում էլ չլինի, գոնե սերմնազտիչով են սերմը մաղում, այդպես դաշտը մոլախոտերից զերծ է մնում:
Գալով իրացման խնդիրներին՝ գյուղատնտեսն ասում է՝ շուկա կա, գին չկա: «Եթե ստացածս ցորենը վաճառքի հանեմ, միանգամից գնորդներ կգտնվեն, բաց դե գինն է շատ ցածր, ինքնարժեքին հավասար է կանգնում: Պետության աջակցությունն է պետք, որ սուբսիդավորի, մթերքը բարձր գնով գնի»,- ասում է Ղազարյանը:
Գյուղատնտեսը նաեւ դժգոհ է, որ ցորենի ապահովագրությունը էլ չկա, լավ օգտվում էին, սիրով ապահովագրում, ցանելուց էլ չէին վախենում, բայց ապահովագրող ընկերություններին ձեռք չտվեց, համակարգն էլ չգործեց:
Մինչեւ գյուղացին ամեն մի խոչընդոտ հաղթահարում ու բերքը հասցնում է հնձելուն, էլ նոր խնդրի է բախվում. հացահատիկ հավաքող կես դարից ավելի հնության կոմբայնը փչացնում է բերքի 30 և ավելի տոկոսը: Ղազարյանը նոր կոմբայններ ունենալը գերխնդիր է համարում, ասում է՝ պետությունն օգնում է, որ լիզինգով գնեն, բայց մի քանի հեկտար ցորենի համար ո՞վ 120 հազար եվրո կներդնի:
Երիտասարդ գյուղատնտես Սեյրան Ոսկանյանը համալրել է Շիրակի մարզի խոշոր ֆերմերների շարքերը: Սեյրանը նորարար գյուղատնտեսության կողմնակից է, ասում է՝ անգամ համեմատելու չէ կաթիլային, ցնցուղային ոռոգումը ակոսներով ջուր անելու հետ: Նոր մեթոդը թե՛ խնայող է, թե՛ նպատակային: «Ավանդական գյուղատնտեսության ժամանակները վաղուց են անցել, սարերի տարբերություն կա գութաններով եւ այսօրվա նոր գյուղտեխնիկայով հողը վարելու միջև»:
Երիտասարդ գյուղատնտեսը հիշում է, որ տարիներ շարունակ նույն սերմն են ցանել, 43, ամենաշատը 50 ցենտներից ավելի բերք չեն տեսել, այժմ նոր՝ բուժանյութերով մշակված սերմեր են ցանում, 1 հեկտարից մինչեւ 100 ցենտներ բերք են ստանում:
Գյուղատնտեսը նոր մոտեցումների մեջ առավել նորին է հակված, ուզում է՝ տնտեսության մեջ ներդրվեն գյուղտեխնիկա, որը գրեթե կբացառի մարդկային գործոնը. «Ե՛վ շահույթը շատ կլինի, ե՛ւ աշխատուժի պակասի հարցը կլուծվի. եթե առաջներում ասում էին՝ աշխատատեղ է, այժմ ոչ ոք չի ուզում հողի վրա չարչարվել փոքր գումարի դիմաց: Նոր տեխնիկան կլուծի նաև բանվորական ուժի պակասի հարցը»:
Սեյրանը վստահ է, ճիշտ աշխատող գյուղատնտեսը աղքատ չի մնա, միայն թե պետությունն էլ իր բաժին պարտավորությունը պետք է կատարի, աջակցի հողի մշակին: Էկոնոմիկայի նախարարությանը կոչ է անում վերականգնել 0-5 տոկոսով գյուղվարկերը, բայց պայմանով, որ «ճիշտ մոնիթորինգ անեն, որ ոչ թե գյուղվարկով հարսանիք անեն կամ թանկ հեռախոս եւ նիվա գնեն, այլ հենց հող մշակեն»:
Թե ինչու է գյուղացին միշտ ասում՝ պետությունն է մեղավոր, որ եկամուտ չեն ստանում, պետությունն էլ թե՝ գյուղացին հողը ճիշտ չի մշակում, միանշանակ պատասխան չկա:
Նշենք, որ Շիրակի մարզում աշնանացան հացահատիկի ցանքատարածություններն անցած տարվա համեմատությամբ պակասել են՝ 17484 հեկտարից հասնելով 13158-ի:
Գարնանացան հացահատիկի ցանքատարածություններն էլ ավելացել են՝ 19066 հեկտարից հասնելով 20766-ի:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։