ԱՄՆ-ը Ուկրաինայի զինված ուժերին թույլատրել է ամերիկյան զինատեսակներով հարվածներ հասցնել Ռուսաստանի սահմանից մինչեւ 300 կիլոմետր հեռավորության վրա տեղակայված թիրախներին։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ջոզեպ Բորելը՝ Բրյուսելում ելույթ ունենալով ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպման ավարտին։
Մամուլի ասուլիսի ժամանակ Բորելին հարցրել են, թե ինչպես կբացատրի այն հանգամանքը, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հիմա է որոշել Կիեւին թույլատրել հեռահար հրթիռներով հարվածել Ռուսաստանի տարածքի խորքում տեղակայված թիրախներին, եւ թե արդյոք դա կապված չէ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի հետ։
Բորելը պատասխանել է, որ Բայդենի վարչակազմը Ուկրաինային լիազորել է ռուսական տարածքում Վաշինգտոնի մատակարարած հրթիռներն օգտագործել մինչեւ 300 կիլոմետր խորությամբ եւ 300 կիլոմետր շառավղով։
«Այն այնքան էլ շատ չէ, բայց սա Բայդենի վարչակազմի որոշումն է»,- հավելել է դիվանագետը՝ նշելով, որ տեղյակ չէ, թե ինչու է այս որոշումը կայացվել հիմա։
Միեւնույն ժամանակ, ըստ Բորելի, ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը որեւէ ընդհանուր որոշում չի կայացվել Ռուսաստանում տեղակայված թիրախներին հարվածների սահմանափակումները վերացնելու վերաբերյալ։ Նրա խոսքերով՝ յուրաքանչյուր երկիր ինքնուրույն կորոշի այս հարցը։
Նախօրեին՝ նոյեմբերի 17-ին, ամերիկյան եւ եվրոպական բազմաթիվ լրատվամիջոցներ հայտնեցին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլատրել է ուկրաինացի զինվորականների կողմից ATACMS հրթիռների կիրառումը՝ Ռուսաստանի Կուրսկի մարզում գործողություններ իրականացնող ստորաբաժանումներին պաշտպանելու համար։ Ինչպես նշում է The New York Times-ը, Վաշինգտոնի այս որոշումը պայմանավորված է Կուրսկում հյուսիսկորեական զորքերի տեղակայմանն ի պատասխան։
Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Ջոնաթան Ֆեյներն ասել է, որ ինքը չի հաստատի որեւէ որոշում, որն «ընդունվել է կամ չի ընդունվել ԱՄՆ-ի օգնության վերաբերյալ, երբ խոսքը վերաբերում է նման օպերատիվ հարցերին»: