Ռուսաստանը վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի նախագծի վրա, որով կոչ էր արվում անհապաղ հրադադար հաստատել Սուդանում ընթացող քաղաքացիական պատերազմի ընթացքում եւ ապահովել մարդասիրական օգնության անարգել մուտքը միլիոնավոր սուդանցիների համար:
Քվեարկությունը կազմակերպել է Մեծ Բրիտանիայի նախագահությամբ։ Բանաձեւի նախագիծը պատրաստել էին Մեծ Բրիտանիան եւ Սիերա Լեոնեն։
Բանաձեւին կողմ քվեարկել են Անվտանգության խորհրդի 15 անդամներից 14-ը, այդ թվում՝ Չինաստանը։ Ռուսաստանի կողմից վետոյի իրավունքի կիրառման պատճառով բանաձեւը չի ընդունվել:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին Ռուսաստանի որոշումը անվանել է «խայտառակություն» եւ հայտարարել, որ միայն մեկ երկիր է խաղաղության թշնամին։
«Ամոթ Պուտինին Ուկրաինայում ագրեսիվ պատերազմ սանձազերծելու համար։ Ամոթ Պուտինին իր վարձկանների միջոցով աֆրիկյան մայրցամաքում հակամարտություններ եւ բռնություններ տարածելու համար: Ամոթ Պուտինին, որ ձեւանում է իբր գլոբալ հարավի գործընկեր, սակայն սեւամորթ աֆրիկացիներին դատապարտում է հետագա սպանությունների, բռնաբարությունների, սովի այս դաժան պատերազմում»,- ասել է Լամին։
Իր ելույթում նա դիմել է ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյային հարցադրելով, թե դեռ քանի խաղաղ բնակիչ պետք է սպանվի, եւ քանի կանայք պետք է բռնաբարվեն, որպեսզի Ռուսաստանը քայլեր ձեռնարկի։ «Այժմ Ռուսաստանը պետք է բացատրություններ ներկայացնի ՄԱԿ-ի բոլոր անդամներին»,- հավելել է Լամմին։
Սուդանի քաղաքացիական պատերազմը սկսվեց 2023 թվականի ապրիլին, երբ լարվածություն առաջացավ 2021 թվականի հեղաշրջումից հետո երկրի կառավարումը ստանձնած զինվորականների եւ «Արագ արձագանքման ուժեր» կոչվող ռազմական կազմակերպության միջեւ: Ռազմական բախումները սկզբում ընդգրկում էին միայն Սուդանի մայրաքաղաք Խարթումը, սակայն հետագայում այն տարածվեց երկրի այլ շրջաններում։ ՄԱԿ-ի տվյալներով՝ 2024 թվականի ապրիլի դրությամբ ավելի քան 8,5 միլիոն սուդանցիներ ստիպված են եղել լքել իրենց տները:
Զոհվել է ավելի քան ինը հազար, սովի են մատնվել միլիոնավոր սուդանցիներ: ՄԱԿ-ը Սուդանում ստեղծված իրավիճակը անվանել է «աշխարհի ամենավատ պարենային ճգնաժամը»։