Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Միջուկային զսպման ոլորտում Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքականության հիմունքները հաստատելու մասին» հրամանագիրը։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության հարթակում նոյեմբերի 19-ին։ Հրամանագիրն ուժի մեջ է մտել նույն օրը։
Թարմացված դոկտրինը ենթադրում է, որ միջուկային պատասխան հարվածների համար որպես պատճառ կարող է լինել «Ռուսաստանի Դաշնության եւ նրա դաշնակիցների դեմ ցանկացած ոչ միջուկային պետության կողմից միջուկային պետության աջակցությամբ իրականացվող ագրեսիան»։ Պատճառների շարքում նաեւ նշվում է, որ միջուկային հակահարված կարող է ՌԴ-ն հասցնել իր տարածքի դեմ իրականացվող զանգվածային օդային հարձակման դեպքում, եթե նույնիսկ կիրառվում են ոչ միջուկային միջոցներ, ինչպես, օրինակ՝ անօդաչու թռչող սարքեր։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով Ուկրաինային հեռահար հրթիռներով ՌԴ տարածքին հարվածներ հասցնելու Վաշինգտոնի տված թույլտվության եւ Մոսկվայի կողմից միջուկային զսպման դոկտրինի թարմացման հրապարակման հետ կապի մասին հարցին, նշել է, որ փաստաթուղթը ռուսական կողմը «հրապարակել է ժամանակին»։
«Նախագահի կողմից համապատասխան հանձնարարականները տրվել են ժամանակին։ Նախագահն ինքն է ասել, որ այս փոփոխությունների նախապատրաստումն արդեն ավարտական փուլում է»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ ՌԴ միջուկային զսպման դոկտրինը Պուտինը առաջարկել է թարմացնել սեպտեմբերի 25-ին՝ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։ Այդ ժամանակ Պեսկովն էլ, մեկնաբանելով ՌԴ նախագահի առաջարկը, նշել էր, որ այդպիսի փոփոխությունները Արեւմուտքը պետք է դիտարկի որպես «որոշակի ազդանշան»։
Նշենք նաեւ, որ Պուտինը Ռուսաստանի միջուկային դոկտրինի վերանայված տարբերակը հաստատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Ուկրաինայի զինված ուժերին Ռուսաստանի տարածքի խորքում հարձակումներ իրականացնելու համար ամերիկյան հեռահար ATACMS հրթիռները կիրառելու թույլտվությունից ուղիղ երկու օր անց: