Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում ընթացող «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովի մասնակից երկրների ղեկավարներն ու ներկայացուցիչները համատեղ հայտարարություն են ընդունել, որտեղ ընդգծվում են Մերձավոր Արեւելքում եւ Ուկրաինայում ընթացող հակամարտությունների պատճառած տառապանքները։
Փաստաթուղթը կոչ է անում «համապարփակ» զինադադար հաստատել Գազայի հատվածում եւ Լիբանանում։ Աշխարհի 20 խոշորագույն տնտեսություն ունեցող երկրների ղեկավարները սատարել են Գազայում մշտական հրադադար հաստատելու ԱՄՆ-ի առաջարկին՝ 2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի հարավի վրա հարձակումից հետո ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդառված անձանց ազատ արձակման դիմաց։
Համատեղ հայտարարությունն անդրադառնում է նաեւ աղքատության եւ կլիմայի փոփոխության նվազեցմանն ուղղված համագործակցության անհրաժեշտությանը:
Միեւնույն ժամանակ փաստաթղթում նշվում է, որ G20-ի երկրները չեն կարողացել լուծումներ գտնել փակուղային այն իրադարձությունների համար, որն առաջացել էր ՄԱԿ-ի շրջանակում կլիմայի շուրջ ընթացող բանակցությունների ժամանակ։
Նշենք, որ Ռիո դե Ժանեյրոյի հանդիպումից առաջ ՄԱԿ-ը G20-ին կոչ էր արել կրկնապատկել զարգացող երկրներին գլոբալ տաքացման դեմ պայքարի համար տրամադրվող ֆինանսավորումը։ Արդյունքում գագաթնաժողովի մասնակիցներից ոչ մի երկիր կոնկրետ պարտավորություն այդպես էլ չստանձնեց։
Բրազիլիայում կայացած հանդիպման մյուս գերիշխող թեմաները վերաբերել են Ուկրաինայում պատերազմի սրման վտանգին եւ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի «Առաջին հերթին Ամերիկա» մեկուսացման քաղաքականությանը վերադառնալու հեռանկարին:
France-Presse-ը գրում է Ուկրաինայի շուրջ առաջացած որոշակի տարաձայնությունների մասին՝ նշելով, որ դրա հիմնական պատճառը ամերիկյան հեռահար հրթիռներով Ռուսաստանի տարածքի խորքերին հարվածելու համար Վաշինգտոնից Կիեւին տրված թույլտվությունն է եղել։
Գործակալությունը, նկարագրելով Բրազիլիայի գագաթնաժողովի մթնոլորտը, նշում է, որ Ջո Բայդենն այնտեղ ընկալվում էր որպես պետության ղեկավարի պաշտոնը արդեն լքող նախագահ։ Միեւնույն ժամանակ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինն էլ փորձել էր դիրքավորվել որպես Թրամփի նոր ժամանակաշրջանում միջազգային կարգի պահապան։
Սին իր ելույթում մասնավորապես հայտարարել է, որ աշխարհն այժմ կանգնած է «տուրբուլենտ» նոր ժամանակաշրջանի առջեւ եւ ընդգծել, որ չպետք է լինեն «պատերազմի սրացում եւ հրդեհի բորբոքում»։
Ռուսաստանը Ռիո դե Ժանեյրոյում ներկայացրել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Ինչպես նշում է Reuters-ը, Լավրովը չինացի գործընկեր Վան Յիի հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել գագաթնաժողովի շրջանակում, խոսել է երկու երկրների «աննախադեպ» հարաբերությունների մասին։ «Մենք իսկապես համապարփակ գործընկերության մեր ռազմավարական հարաբերությունների զարգացման աննախադեպ փուլում ենք»,- Լավրովի խոսքերը մեջբերում է Interfax-ը։
Նշենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նախորդ շաբաթ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ նախազգուշացրել էր, որ Ռուսաստանի զարգացող համագործակցությունը Չինաստանի հետ, որն աջակցում է ռուսական պաշտպանական արդյունաբերությանը, ինչպես նաեւ խորացող հարաբերությունները Հյուսիսային Կորեայի եւ Իրանի հետ, սպառնալիք է ստեղծում Եվրոպայի, Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի եւ Հյուսիսային Ամերիկայի համար: