Իսրայելի անվտանգության գլխավոր ծառայության (Շին Բեթ) տնօրեն Ռոնեն Բարն այցելել է Թուրքիա՝ հանդիպելու Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընի հետ։ Այդ մասին հայտնում է Times of Israel թերթը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։
Թերթի զրուցակիցների խոսքերով՝ հետախուզական ծառայությունների ղեկավարները քննարկել են Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները վերսկսելու ջանքերը եւ դրանում Անկարայի օգնության հնարավորությունը։
Ավելի վաղ արաբ պաշտոնյան The Times of Israel-ին անանունության պայմանով ասել էր, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավարության ներկայացուցիչներն այժմ Թուրքիայում են։
Նոյեմբերի սկզբին բրիտանական Financial Times թերթը, հղում կատարելով աղբյուրներին, հայտնել էր, որ Կատարը, ԱՄՆ-ի ճնշման ներքո, ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին խնդրել է լքել երկիրը, քանի որ շարժումը բազմիցս է մերժել միջնորդների՝ իսրայելցի պատանդներին ազատ արձակելու առաջարկները՝ Գազայում հրադադարի հաստատման շուրջ բանակցությունների շրջանակում:
Ավելի ուշ Կատարի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ-Անսարին հերքել էր Դոհայում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի գրասենյակի փակման մասին տեղեկությունը։ Ըստ նրա՝ այս գրասենյակի հիմնական նպատակը «շահագրգիռ կողմերի միջեւ հաղորդակցության ալիքի» պահպանումն է։
Իրավիճակը Մերձավոր Արեւելքում կտրուկ վատթարացավ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մարտիկների ներթափանցումից հետո, որն ուղեկցվեց սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանությամբ եւ մոտ 250 մարդու պատանդառությամբ։ Պաղեստինյան շարժումը այդ հարձակումն անվանել է պատասխան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի դեմ Իսրայելի իշխանությունների իրականացրած գործողություններին։ Արդյունքում Իսրայելը հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին եւ սկսեց հրթիռային հարվածները, ապա նաեւ ցամաքային գործողությունները շրջանի հյուսիսում։
Իսրայելական կողմի վերջին տեղեկությունների համաձայն՝ Գազայում ՀԱՄԱՍ-ը դեռեւս պատանդ է պահում 101 մարդու։