Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ «C-Lion1» հեռահաղորդակցական մալուխի վնասումը, որն անցնում է Բալթիկ ծովի հատակով, ըստ երեւույթին, կարող էր դիվերսիայի հետեւանք լինել։
«Դա շատ հստակ ազդանշան է, որ այնտեղ ինչ-որ բան է կատարվում։ Ոչ ոք չի հավատում, որ այս մալուխը պատահաբար է կտրվել։ Ես հակված չեմ հավատալու այն տեսությանը, որ մալուխը վնասվել է խարսխին բախվելու պատճառով»,- Բրյուսելում լրագրողներին ասել է Պիստորիուսը։
«Այս պատճառով, հստակ տեղեկություններ չունենալով, թե ով է դա կատարել, մենք ստիպված ենք ենթադրել, որ խոսքը հիբրիդային գործողության մասին է, եւ մենք ստիպված ենք ելնել այն հանգամանքից, որ խոսքը դիվերսիայի մասին է»,- նշել է Գերմանիայի պաշտպանության նախարարը։
Ավելի վաղ Ilta-Sanomat թերթը հայտնել էր, որ Բալթիկ ծովի հատակում վնասվել է «C-Lion1» մալուխը։ Այն անցնում է «Հյուսիսային հոսք» գազատարի երկայնքով։ Երկուշաբթի Ֆինլանդիայի հեռահաղորդակցության ենթակառուցվածքի «Cinia» պետական օպերատորի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ խափանումներ է նկատել «C-Lion1»-ի աշխատանքներում։
Նշենք, որ մալուխի երկարությունը 1173 կմ է, շահագործման է հանձնվել 2016 թվականից։ Մալուխը Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիից անցնում է դեպի Գերմանիայի Ռոստոկ քաղաք:
Գերմանիայի եւ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունները համատեղ հայտարարության մեջ մտահոգություն են հայտնել դրա վնասի վերաբերյալ եւ նշել, որ արդեն «մանրակրկիտ հետաքննություն» է իրականացվում։